Հայաստանը պետք է հետևողական լինի նոր տեսակի Ասոցացման համաձայնագրի զարգացման հարցում: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան` անդրադառնալով Հայաստանի կողմից մեկ այլ անվան ներքո Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչի ստորագրման հնարավորություններին, որի մասին օրերս խոսեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը:
Նա նշեց, որ հայկական կողմը պետք է հստակ ազդանշան ուղարկի Եվրոպայի հետ հետագա հարաբերությունների վերաբերյալ, այդ թվում նաև՝ այդ հարաբերությունների իրավական հիմքի: Ըստ նրա` նման նախաձեռնության ժամանակ պետք է հաշվի առնել նաև ՀՀ միջազգային նոր հանձնառությունները, բայց նաև հետևողականորեն ուժեղ քաղաքական կամք արտահայտել ԵՄ-ի հետ համագործակցության ուղղությամբ՝ զարգացնելով նոր տեսակի Ասոցացման համաձայնագիր, որը մեծապես հիմնված կլինի նախկին ձեռքբերումների վրա:
«ԵՄ ծրագրերի և գործակալությունների հասանելիության օգտագործումը հնարավորություն կտա Հայաստանին համոզել եվրոպացի գործընկերներին ԵՄ-ի հետ համագործակցությունը շարունակելու ՀՀ-ի հանձնառության հարցում»,- ասաց նա:
Վերջինս նաև ասաց, թե կիսում է նրանց տեսակետները, ովքեր պնդում են, թե Հայաստանն ու ԵՄ-ն պետք է կառուցեն ձեռք բերվածի` Ասոցացման համաձայնագրի վրա, որն ավարտին է հասցվել նախորդ տարվա հուլիսի 24-ին:
«Ինչ անուն էլ տրվի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագա ձևաչափին՝ ունենա ԱՀ կամ այլ անվանում, այն բովանդակային առումով չի տարբերվելու Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչից»,- նկատեց Էդուարդո Օչոան:












































