ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդներից մեկը՝ Ֆեթուլլահ Գյուլենը, ԱՄՆ-ից կարտահանձնվի: Ինչպես հաղորդում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը, այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայում սկսվել է Գյուլենին ԱՄՆ-ից արտահանձնելու իրավական ընթացակարգ:
Փետրվարի 25-ին Թուրքիայի ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին, որ 2011 թվականին Salam ահաբեկչական կազմակերպության դեմ Ստամբուլի դատախազության հակաահաբեկչական գործողության շրջանակներում գաղտնալսվել են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների հետ կապված մոտ 7 000 մարդու, այդ թվում՝ թուրքական հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի հեռախոսային խոսակցությունները:
Սրա համար Էրդողանը մեղադրեց Գյուլենին և նրան կոչ արեց չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին, իսկ ԱՄՆ-ին մեղադրեց նրան աջակցելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆն ասել է, որ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման մասին խոսք անգամ լինել չի կարող:
Հարֆը նշել էր, որ ԱՄՆ-ը և Թուրքիան դաշնակիցներ են, բայց դա չի նշանակում, որ երկու երկրները համակարծիք են բոլոր հարցերում:
Ավելի վաղ նաև հաղորդվում էր, որ Գյուլենը քաղաքական ապաստան է խնդրել Կանադայից և Նոր Զելանդիայից:








































