ՄԱԿ-ը պետք է շարունակի մարդասիրական օգնություն հասցնել Սիրիա՝ նույնիսկ եթե երկրի կառավարությունը դա թույլ չի տալիս: Ինչպես հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը, այս մասին ասվում է առաջատար իրավաբանների և գիտնականների խմբի բաց նամակում:
Նամակի տակ ստորագրել է 35 մարդ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների և այլ երկրների համալսարաններում և իրավաբանական գերատեսչություններում դասավանդողները:
Նամակի հեղինակները նշում են, որ Սիրիայի իշխանություններն առանց որևէ հիմքի սահմանափակել են երկիր հասցվող օգնությունը:
Փորձագետները նշում են, որ ՄԱԿ-ը «ծայրահեղ զգուշավորություն» է ցուցաբերել՝ սպասելով Սիրիայի իշխանությունների պաշտոնական թույլտվությանը:
Փետրվարին ՄԱԿ-ը բանաձև ընդունեց, որը սիրիական հակամարտության բոլոր կողմերին կոչ էր անում թույլ տալ երկրի ամբողջ տարածքում անսահմանափակ մարդասիրական օգնության մատակարարումը:
Հիշեցնենք. սիրիական հակամարտության 3 տարիների ընթացքում զոհվել է ավելի քան 150 հազար մարդ:








































