Հունգարիայի խորհրդարանը երեկ ընդունել է ընտրողների գրանցման կարգի վիճահարույց օրենքը, որը, ըստ ընդդիմադիրների, կարող է հարյուր հազարավոր մարդկանց զրկել իր կամքն արտահայտելու իրավունքից: Այս մասին գրում է BBC-ն:
Հաջորդ` 2014թ. ապրիլի ընտրություններում ընտրողները պետք է գրանցվեն անձամբ կամ կառավարության պաշտոնական կայքում քվեարկությունից առնվազն 15 օր առաջ:
Օրենքի համաձայն` միայն Հունգարիայի քաղաքացիները, որոնք ապրում են արտասահմանում, կարող են փոստի միջոցով գրանցման հայտ ներկայացնել:
Ընդդիմադիրների կարծիքով` գրանցման նման պայմանները կարող են որոշակի խնդիրներ առաջացնել գյուղական վայրերում բնակվող ընտրողների համար:
Նախկինում հունգարացիները կարող էին քվեարկությանը մասնակցել` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հասցեն:









































