Ռուստենբուրգի (ՀԱՀ) պլատինի հանքերում աշխատող հանքափոր ցուցարարները քարեր են նետել սպորտի նախարար Ֆիկիլե Մբալուլայի վրա, երբ նա ապարտեիդի ռեժիմի անկման 20-ամյակի օրը քարոզչություն է արել երկրում իշխող Աֆրիկյան ազգային կոնգրեսի օգտին քվեարկելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ոստիկանությունը հանրահավաքից նախարարին հեռացրել է զրահապատ մեքենայով, որը նույնպես հայտնվել է քարերի տարափի տակ:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ անկարգությունների ընթացքում հրկիզվել են կոնգրեսի մունիցիպալ կենտրոնն ու խորհրդականի տունը: Հանքափորներին ցրելու համար կիրառվել են ջրցան մեքենաներ ու ձայնային նռնակներ:
Anglo-American, Lonmin և Implats ընկերությունների հանքափորները ցույցեր են անցկացնում արդեն 4 ամիս՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում: Հանքափորների և շինաշխատողների ասոցիացիայի կազմակերպած գործադուլին մասնակցում է 80 հազար աշխատող: Տեղի բնակիչների խոսքով՝ արդյունքում Ռուստենբուրգ քաղաքը վերածվել է աղքատության ու վախի կենտրոնի:
SABC ազգային հեռուստաընկերությունը հայտնել է, որ միջադեպից հետո իշխող կուսակցության անդամ նախարարը հայտարարել է, որ Աֆրիկյան ազգային կոնգրեսին անօրինությամբ չեն վախեցնի:










































