73-ամյա բրիտանացի թոշակառու, գործարար Ռոջեր Փեննին, ում սեփականության տարածքում է գտնվում Անգլիայի նախապատմական կարևոր հուշարձաններից մեկը, անօրինական վերականգնողական աշխատանքների արդյունքում վնասել է այն: Այսպիսի եզրակացության է եկել տեղական դատարանը:
Փեննին մի քանի տարի առաջ ձեռք է բերել տուն՝ մերձակա տարածքով, որի վրա էլ գտնվում է Փրիդդի Սիրքլզի՝ հողային հենարան հանդիսացող չորս հսկայական օղակներից մեկը։ Այս մասին գրում է The Daily Mail-ը: Այս օղակների կառուցման ժամանակահատվածը համարվում է մ.թ.ա. երրորդ հազարամյակը: Այսինքն՝ դրանք Սթոունհենջի տարիքին են: Պատմական հուշարձանների հանձնաժողովը դրանք վերագրում է նեոլիթի ժամանակշրջանին:
Փեննին, գնելով տարածքը, որոշել է կարգի բերել այն՝ չունենալով վերականգնողական աշխատանքների թույլտվություն: Արդյունքում վարձված բանվորներից մեկը փակել է օղակի հիմքի անցքերը, որը կօգներ բացահայտել ամենայուրահատուկ հուշարձաններից մեկի կառուցման գաղտնիքը:
Այժմ թոշակառու-վանդալը ստիպված է վճարել 2,500 ֆունտ սթեռլինգի տուգանք, 7,500 ֆունտ՝ դատական ծախսերի համար, 37 հազար ֆունտ էլ՝ իսկական վերականգնողական աշխատանքների համար:











































