Գերմանիայի կառավարությունը նեոնացիստների NSU ահաբեկչական խմբավորման զոհերի հարազատներին, ինչպես նաև խմբավորման գործունեությունից մյուս տուժածներին փոխհատուցում է տրամադրել: Այս մասին հայտնում է Neue Osnabruecker Zeitung պարբերականը՝ հղում կատարելով երկրի արդարադատության նախարարությանը:
Փաստաթղթում հաղորդվում է, որ պետությունը որպես փոխհատուցում տրամադրել է ավելի քան 830 հազար եվրո: Հաշվետվությունը պատրաստվել է դեռ օգոստոսին, սակայն դրա մասին մամուլին միայն հիմա է հայտնի դարձել:
Սպանված ներգաղթյալների կանայք ու երեխաները ստացել են 10 հազարական եվրո, նրանց քույրերն ու եղբայրները՝ 5-ական հազար եվրո:
Իշխանությունները փոխհատուցել են նաև զոհերի հուղարկավորության ծախսերը: Բացի այդ, NSU-ի զոհ է դարձել կին ոստիկան: Նրա ընտանիքը պետությունից ստացել է 25 հազար եվրո, իսկ նրա վիրավոր գործընկերուհին՝ 10 հազար եվրո:
Իշխանությունները վճարել են, ընդհանուր առմամբ, 140 հազար եվրո Քյոլնում կրկնակի ահաբեկչությունից տուժածներին, որի կազմակերպիչը համարվում է NSU-ն:
Նեոնացիստական խմբավորումը 2000-2007թթ. սպանել է 10 մարդու: Բանդան Գերմանիայում գոյություն ուներ 1998 թվականից:












































