Մյանմարի արևմտյան Ռակհայն նահանգում անցած շաբաթ մուսուլմանների և բուդդայականների բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 84-ի, ևս 129-ը վիրավոր են: Այս մասին հայտնում է New light of Myanmar տեղի թերթը:
Իշխանությունները ավելի քան 1000 մարդու դեմ առաջադրել են սննդամթերքի սղության պատճառով բռնկված անկարգությունների մասնակցության մեղադրանքներ:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ընդհարումների ժամանակ հրդեհվել են 2950 տուն, 14 կրոնական շինություն և 8 ալրաղաց: Իր հերթին նահանգում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության համակարգող Աշոկ Նիգամը հայտարարել է, որ հրդեհվել է 4600 տուն, 22.5 հազար մարդ հարկադրված են եղել լքել իրենց տները:
Բանգլադեշի հետ սահմանակից Մյանմարի նահանգում առաջին հուզումները բռնկվել էին այս տարվա հունիսին: Այդ ժամանակ իշխանությունները արտակարգ դրություն էին մտցրել, և մինչև անցած կիրակի այնտեղ հանգստություն էր տիրում: Հունիսին տեղի ունեցած բախումների պատճառը ցեղակցուհու սպանության համար վրեժխնդիր լինել ցանկացող մի խումբ բուդդայականների հարձակումն էր մուսուլմանների վրա: Այդ ժամանակ զոհվել էր ավելի քան 80 մարդ:
Ռակհայն նահանգում, որտեղ բնակչության մեծամասնությունը բուդդայականներ են, ապրում է իսլամի հետևորդ հանդիսացող ռոհինջա ազգը, որը համարվում է էթնիկ և կրոնական փոքրամասնություն:
ՄԱԿ-ը ռոհինջան համարում է աշխարհում ամենաճնշված էթնիկ փոքրամասնություններից մեկը:








































