«Սենդի» փոթորկի զոհերի թիվը Հաիթիում հասել է 51-ի, ևս 15 մարդ համարվում է անհետ կորած, ժամանակավոր ապաստարաններում ապրում է ավելի քան 18 հազար մարդ:
Հաիթիի կառավարությունը 5 մլն դոլար է հատկացրել տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Իշխանությունները պահպանում են ջրհեղեղների պատճառով հայտարարված արտակարգ իրավիճակի ռեժիմը երկրի ամբողջ տարածքում: Առավել շատ տուժել է Հաիթիի հարավային հատվածը, որտեղ փոթորիկն ավերել է մոտ 1400 տուն:
Հարևան Դոմինիկյան Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ երկրի ավելի քան 18 հազար բնակիչներ ստիպված են եղել ժամանակավորապես լքել իրենց տները: Ավելի քան 100 բնակավայր շարունակում են մեկուսացված մնալ , դրանց կեսը՝ հարավային Ասու մարզում: Տուժած շրջաններում իրականացվում են էլեկտրականության վերականգնման աշխատանքներ:











































