Օգոստոսի վերջին Լոպոտի կիրճում ոչնչացված գրոհայինների ջոկատն ավելի վաղ տեղակայվել էր Հարավային Օսիայի սահմանին, որտեղից պետք է հարձակում գործեր վրացական գյուղի վրա: Այս մասին հայտարարել է Կովկասի հարցերով վրացի փորձագետ, «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Մամուկա Արեշիձեն:
Վերջինիս խոսքերով՝ այդ ջոկատը պետք է ոչնչացներ տնային կենդանիներին, այրեր տներ, իսկ հետո հեռանար Հարավային Օսիայի ուղղությամբ, սակայն ջոկատը հրաժարվել է այդ առաջադրանքից: Ըստ Արեշիձեի՝ դա պայմանավորված էր Վրաստանի նախընտրական գործընթացներով:
Արեշիձեն հույս է հայտնել, որ շուտով կցրվի այդ պատմության վրա կախված «մառախուղը», և ամեն ինչ պարզ կդառնա՝ ընդգծելով, որ տվյալ գործի հետաքննմամբ զբաղված են որակյալ մասնագետները:
Հիշեցնենք, որ օգոստոսի վերջին Լոպոտի կիրճում անցկացված հատուկ գործողության ժամանակ սպանվել էր 11 գրոհային և Վրաստանի զինված ուժերի 3 ներկայացուցիչ: Երկու կողմից գրանցվել էին մի շարք վիրավորներ: Սպանված գրոհայինների մեծ մասը Ռուսաստանի քաղաքացիներ էին:








































