«Սիրիական ազատ բանակի» մարտիկները փոխհրաձգության մեջ են մտել «Քրդական ժողովրդավարական միության» զինված խմբավորումների հետ: Մարտի արդյունքում զոհվել է առնվազն 30 մարդ:
France Presse գործակալությունը հաղորդել է, որ փոխհրաձգությունը սկսվել է հոկտեմբերի 26-ին՝ Հալեպի Աշրաֆի թաղամասում: Մարտից հետո թաղամասը մնացել է քրդերի ձեռքում: Զոհերի մասին հստակ տեղեկություններ տվյալ պահին հայտնի չեն:
Տեղի բնակիչները հաղորդել են, որ «Սիրիական ազատ բանակի» 200 զինվորներ մտել են քրդական թաղմաս՝ իբր Աշրաֆիում Իդ Ալ-Ադհա տոնը նշելու համար:
«Քրդական ժողովրդավարական միության» ներկայացուցչի խոսքերով՝ ընդդիմադիրներն իրենց վրա կրակ են բացել միայն այն պատճառով, որ իրենք խնդրել են նրանց հեռանալ։ Կազմակերպությունը նախազգուշացրել է, որ թույլ չի տա իրենց քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշել:
«Սիրիական ազատ բանակի» ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ միջադեպը եղել է իրար չհասկանալու արդյունք, և զոհերի պատասխանատվությունը դրել են նախագահ Բաշար Ասադի վարչակարգի վրա:
Հիշեցնենք, որ քաղաքացիական պատարազմը սկսվելուց որոշ ժամանակ անց կառավարական զորքերը լքել էին քրդական թաղմասերը, որոնք փաստորեն մնացել էին ինքնավար: Դա մասնավորապես երաշխավորում էր, որ քրդերը չեն մասնակցի ապստամբությանը: Ընդդիմադիրներն իրավունք ունեն այցելել քրդական թաղամասեր, բայց առանց զենքի։









































