Ինչպես նշում են Ուկրաինայի ընդդիմության ներկայացուցիչները, երկրում խորհրդարանական ընտրությունները, չնայած վարչապետ Նիկոլայ Ազարովի՝ խախտումների բացակայության մասին հայտարարությանը, անցնում են «կարուսելի» սկզբունքով և ընտրողների անսպասելի ու զանգվածային «հիվանդություններով»:
Զապորոժիեի կոմունիստական կուսակցության անդամները տեղեկացնում են, որ ընտրական հանձնաժողովները խախտումների մասին դիմումներ չեն ընդունում։
Կիևում ի հայտ են եկել «հիվանդության» պատճառով ընտրատարածքներ չժամանելու մասին զանգվածային դեպքեր, ինչի մասին լրագրողներին տեղեկացրել է «Բատկիվշչինա» միասնական ընդդիմության ընտրական շտաբի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը: Նրա տվյալներով՝ երկրում գրանցված են 908 հազար հիվանդներ, միայն ընտրություններից երկու օր առաջ նրանց թիվն ավելացել է 400 հազարով։
Ուկրաինայի ընտրություններում հիմնական պայքարը «Շրջանների կուսակցության», «Բատկիվշչինա» միացյալ ընդդիմության և Վիտալի Կլիչկոյի ղեկավարած «Հարված» կուսակցության միջև է:









































