ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ «Սենդի» փոթորկի պատճառով Վիրջինիա և Կոլորադո նահանգներում նշանակված միջոցառումները հետաձգվում են: Նա պետք է մնա Վաշինգտոնում` համակարգելու համար Արևելյան ծովափին մոտեցող տարերքի դեմ պայքարը: Այս մասին շաբաթ երեկոյան հաղորդել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սպիտակ տան ղեկավարի պլաններում որոշակի փոփոխություններ կարող են մտցվել՝ կախված իրավիճակի զարգացումից, որը շարունակում է մնալ ավելի քան անհանգստացնող:
«Նախագահը ամեն վայրկյան տեղեկություններ է ստանում փոթորկին դիմակայելու նախապատրաստական աշխատանքների մասին: Նա իր թիմին հանձնարարել է նահանգների և տեղի իշխանություններին ապահովել անհրաժեշտ ամեն ինչով»,- հաղորդել է մամլո ծառայությունը:
«Սենդին» ստիպել է փոփոխություններ մտցնել նախագահական ընտրությունների մասնակիցների գրաֆիկում: Այսպես` Միշել Օբաման չի մեկնել Նյու Հեմփշիր նահանգ, որը կարող է գտնվել տարերքի հարվածի ներքո: Փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը շաբաթ զերծ է մնացել Վիրջինիա-Բիչ քաղաք մեկնելուց` պատճառաբանելով, որ չի ցանկանում մարդկանց շեղել աղետին դիմակայելու նախապատրաստական աշխատանքներից: Նույն պատճառաբանությամբ Վիրջինիա չի մեկնել նաև նախագահի թեկնածու Միթ Ռոմնին:










































