ԱՄՆ նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի և Միթ Ռոմնիի միջև տեղի ունեցած բանավեճերից հետո մի շարք հետաքրքիր հետազոտություններ և հարցումներ են անցկացվել: Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, դրանցից մեկի արդյունքում պարզվել է, որ ամերիկացիների մեծը մասը սեղանի շուրջ կնստեր Օբամայի հետ, ոչ թե նրա մրցակցի:
Այսպես, վերջերս անցկացված հարցումներից մեկը ցույց է տվել, որ ԱՄՆ բնակիչների 59 տոկոսը կնախընտրեր բուրգեր ուտել Բարաք Օբամայի հետ, և միայն 41 տոկոսը՝ Ռոմնիի: Հնարավոր է, պատճառն այն է, որ Օբաման իր նախընտրական քարոզարշավում շեշտը դնում էր երիտասարդության վրա:
Հարցումը նաև ցույց է տվել, որ ԱՄՆ նախկին նախագահներից սեղանի շուրջ ամենացանկալի ընկերը Բիլ Քլինթոնն է (29 տոկոս), նրան հաջորդում են Աբրահամ Լինքոլնը (15 տոկոս) և Ռոնալդ Ռեյգանը (14 տոկոս):
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:










































