Հարյուրավոր գանձեր որոնողներ հավաքվել են կոլումբիական Բոյակ դեպարտամենտում այն բանից հետո, երբ տեղի ճանապարհաշինարարները ճանապարհներից մեկի վերանորոգման աշխատանքներ կատարելիս պատահաբար բախվել են զմրուխտով հարուստ հանքի: Այս մասին հաղորդում է ռադիո Caracol-ը: Հանքը տեղակայված է այն տարածքում, որը բնակիչներն անվանում են «Սատանայի քիթ»:
Վերանորոգողները պատահաբար ճանապարհային փոշու մեջ զմրուխտի բյուրեղներ են հայտնաբերել: Այդ պահին նրանք մուրճի օգնությամբ քանդում էին ճանապարհի վերին շերտը: Զմրուխտի նոր հանքի մասին լուրերը տարածվել են ամբողջ երկրով մեկ, ինչն իսկական «զմրուխտե տենդ» է առաջացրել:
Մի քանի հարյուր մարդ է ժամանել այս շրջան` թանկարժեք քարեր որոնելու: Դրա հետ մեկտեղ հանքը շատ վտանգավոր վայրում է տեղակայված: Իշխանությունները լուրջ անհանգստություն են հայտնել մարդկանց անվտանգության համար: Ներկա դրությամբ՝ լեռնային տարածքի այս հատվածը մեկուսացված է:







































