Կապված «Սենդի» փոթորկի մոտենալու հետ` արտակարգ դրություն է հայտարարվել Մերիլենդ, Վիրջինիա նահանգներում և Կոլումբիայի մայրաքաղաքային շրջաններում: Այս մասին հաղորդում է CBS հեռուստաընկերությունը` հղում անելով սեփական աղբյուրներին:
Ատլանտյան օվկիանոսում մոլեգնած «Սենդի» փոթորիկը դեպի հյուսիս-արևելք է շարժվում 17 կմ/ժ արագությամբ, դրան ուղեկցող քամիների սաստկությունը 130 կմ/ժ է: Տարբեր երկրներում աղետի հետևանքով մահացել է 38 մարդ: Ենթադրվում է, որ փոթորիկն ԱՄՆ-ի մայրաքաղաքային շրջան կհասնի երկուշաբթի օրը:
Արտակարգ դրությունը աղետի ենթարկված նահանգների նահանգապետերին թույլ է տալիս աղետի հետևանքները վերացնելու համար, երկրի նախագահի թույլտվությամբ, օգտվել դաշնային բյուջեից:
Վիրջինիայի նահանգապետ Բոբ Մակդոննելի խոսքով` այս ամենը նախազգուշական միջոցառումներ են:
Ավելի վաղ նախագահ Օբաման հրահանգել էր բարձր պատրաստվածության բերել այն նահանգների արտակարգ իրավիճակների ստորաբաժանումները, որոնց տարածքներով կանցնի «Սենդի» փոթորիկը:






































