Գերմանացի քաղաքական գործիչն ուղիղ եթերում մարիխուանայով ծխախոտ է ծխել: Ազատ դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Մարտին Լինդները չի հրաժարվել թոք-շոուի հաղորդավարի` ծխախոտ ծխելու առաջարկից, հաղորդում են եվրոպական ԶԼՄ-ները:
Սկզբում քաղաքական գործիչը կասկածել է, որ այն մարիխուանայով է: Այդ ժամանակ նրան առաջարկել են դուրս գալ ստուդիայից, որտեղ ծխելն արգելված է, և ինքնուրույն դրանում համոզվել: Մի քանի րոպե անց Լինդները վերադարձել է ստուդիա և հայտարարել, որ ծխախոտն իրական է:
Նման վարքագիծը գերմանական կառավարության կողմից խիստ քննադատության է արժանացել: Ավելի ուշ Լինդները փորձել է հարթել իրավիճակը՝ հայտարարելով, որ այդպես էլ չի հասկացել՝ արդյոք ծխախոտի մեջ թմրանյութ եղել է, թե ոչ: Իսկ իր վարքագիծը նա բացատրել է իր վրա ուշադրություն գրավելու ցանկությամբ`հումորի ձևաչափով: Հավելենք, որ Լինդները բազմիցս կողմ է արտահայտվել թեթև թմրանյութերը Գերմանիայում օրինական դարձնելու օգտին:









































