Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանն այսօր վստահություն է հայտնել Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած նոր կառավարությանը: Պատգամավորները նաև իրենց վստահությունն են հայտնել կառավարության՝ «Ուժեղ, ժողովրդավարական ու միասնական Վրաստանի համար» ծրագրին, որում նոր իշխանությունները խոստանում են իրականացնել լայնամասշտաբ բարեփոխումներ: Նոր կառավարության ու նրա ծրագրի օգտին քվեարկել է 150 պատգամավորից 88-ը, իսկ դեմ՝ 54-ը:
Այս կապակցությամբ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ սկսվում է խոստումների ու երազանքների իրագործման առաջին փուլը. «Իմ առաջին քաղաքական հայտարարությունից մեկ տարի անց ավարտվեց առաջին փուլը. մենք եկանք իշխանության: Ես կարծում եմ, որ իշխանության եմ եկել շատ հետաքրքիր թիմի հետ:
Ողջ թիմը տրամադրված է այնպես, որ Վրաստանում սկսվել է տնտեսական իրական զարթոնք: Առաջին հերթին երկրում վերականգնվելու է արդարության զգացումը: Մենք մեզ վրա մեծ պատասխանատվություն ենք վերցրել՝ տալով լուրջ խոստումներ: Վրաստանի բնակչությանը խոստանում եմ, որ անելու ենք ավելին, քան խոսք ենք տվել և դա ավելի արագ ենք անելու: Խոստումների կատարման համար ես չեմ խնայելու ո՛չ իմ ֆինանսները, ո՛չ էներգիան ու կյանքը»:









































