ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին մտահոգում է քաղաքական մեծամասնության վերաբերմունքը ընդդիմության առաջարկներին: «Կա քաղաքական մեծամասնություն` ՀՀԿ և ՕԵԿ. ընդդիմության բոլոր առաջարկները բացասական եզրակացություն են ստանում կառավարության կողմից, և դեմ են քվեարկվում ԱԺ մեծամասնության կողմից: Մենք այս հասարակության թշնամին չենք և փորձում ենք հիմնավորված առաջարկներով օգնել պետությանը»,- Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասել է Աղվան Վադանյանը` հավելելով, որ այս պահվածքը ԱԺ-ի` որպես բարձր օրգանի նկատմամբ կասկածի առիթ է ստեղծում:
Խորհրդարանում քննարկվում է նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացնելու հարցը: Ա. Վարդանյանը նշել է, որ կառավարությունը վստահեցնում է, որ հնարավորություն չունի ավելի բարձրացնելու, սակայն նույն կառավարությունը խոստացել է իր գործունեության ընթացքում կրկնապատկել աշխատավարձը: Ընդ որում` 2014 թվականին պետք է լինի 45 հազար դրամ: Պատգամավորն ասել է, թե չի երևում, որ կառավարությունը կարող է բարձրացման հիմքեր ստեղծել: Խոսելով այս մասին` Աղվան Վարդանյանը եզրակացրել է. «Մեծամասնությունն իրեն գիտունի, իմաստունի տեղ է դրել և չի լսում ընդդիմության ասածը»:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամը նշել է, որ հանրային ոլորտում, պետական ծառայության ոլորտում վերջին չորս տարիներին աշխատավարձ չի բարձրացվել, ինչն անընդունելի է: «Նվազագույն աշխատավարձի օրենքի շրջաններում հայտարարվեց, որ 470,000 մարդ է աշխատավարձ ստանում մեր երկրում, 18 տարեկանից բարձր այդքան մարդ: Սա վտանգավոր թիվ է, տարիներ առաջ ավելի բարձր էր: Սրանց պետք է գումարել գյուղատնտեսությամբ զբաղվող 450 հազարը: Ուրեմն 900 հազար մարդուց եկամուտ է գանձվում: Զարմանալիորեն մեր ընտրություններին մասնակցում է 950 հազար մարդ, թեև զբաղված է մեկ միլիոն մարդ»,- ասել է Ա. Վարդանյանը: Նվազագույն աշխատավարձը, պատգամավորի խոսքերով, տարածվում է հիշյալ 450 հազար աշխատողի 10 տոկոսի վրա, ինչը խոսում է նվազագույն աշխատավարձի ոլորտում թաքնված զբաղվածության, կրկնակի հաշվապահության և կոռուպցիոն ռիսկերի մասին: Նվազագույն աշխատվարձը ՀՅԴ առաջարկած սցենարով բարձրացնելու դեպքում, դաշնակցական գործչի հավաստմամբ, ստվերը կկրճատվի:
«Ֆինանսների նախարարն ասաց, որ երբեք նվազագույն շխատվարձը 20 տոկոսով չի բարձրացել միանգամից: Այդպես չէ, օրինակ 2000-2008 թվակաների ընթացքում նվազագույն աշխատավարձը բարձրացել է 160 տոկոսով: Ես վստահ եմ, սակայն, որ կառավարության ծրագրերը չեն կարող իրականացվել, և փնտրելու են արդարացումներ»,– իր խոսքը եզրափակել է Ա. Վարդանյանը:








































