Թուրքական Etkin լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազությունը և Թուրքիայի կրթության նախարարությունը սկսել են հետաքննել Ստամբուլի նահանգի Մալթեփե շրջանում դպրոցականներին պատմական և գիտական իրողությունները խեղաթյուրող գրքերի բաժանումը:
Խոսքը գնում է 5-8-րդ դասարանների համար նախատեսված գրքերի մասին, որոնցում մասնավորապես հայերն ու հրեաները ներկայացվել են որպես թշնամիներ: Գրքերում բազմիցս գործածվում է «գյավուր» (անհավատ) բառը, և ծաղրական վերաբերմունք է ցուցաբերվում հանրահայտ անձանց նկատմամբ:
Մասնավորապես, Դարվինի մասին գրված է հետևյալը. «Փոքր Դարվինը երկու «դարդ» ուներ: Մեկն այն էր, որ նա հրեա էր և դժվարությամբ էր թաքցնում դա: Իսկ երկրորդն այն էր, որ իր դուրս պրծած ճակատով, խոշոր քթով և անշուք ատամներով ատելություն էր հարուցում: Ընկերները նրան անվանում էին «մայմուն Չարլզ»»:
Էյնշտեյնի վերաբերյալ նշված է, որ թեև տանը նա զրուցակից չի ունեցել, այնուամենայնիվ, սկսել է խոսել 4 տարեկանում. «Էյնշտեյնը դպրոցը չէր սիրում անգամ եղունգի չափ, անընդհատ բացակայում էր դասերից, մի անկյունում շարունակ երազում էր: Էյնշտեյնը գուլպա չէր կրում, ամսական մեկ անգամ էր լողանում, իրեն լավ էր զգում օճառ ուտելիս»:
Զիգմունդ Ֆրեյդի մասին նշված է, որ նա օրական նվազագույնը 20 սիգար էր ծխում, ամեն երեկո ալկոհոլ և կոկաին էր օգտագործում: Գրքում պատմվում է նաև ամերիկյան մայրցամաքում Քրիստափոր Կոլումբոսի իրականացրած «սպանդի» մասին. «Կաթնակեր երեխաների ոտքերից բռնելով՝ նրանց զարկում էին քարերին և ջարդուփշուր անում, ապա տալիս շներին: Ոմանց հրդեհի բոցերն էին ոչնչացնում, ոմանց էլ՝ ծովի ալիքները: Ապա իրենց գործը հաճելի դարձնելու համար նրանք հնդկացիներին թույլ էին տալիս հեռանալ և նրանց հետևից բաց էին թողնում իրենց գազազած շներին»:











































