Սիրիայի ապստամբներն իրենց տրամադրության տակ ունեն օտարերկրյա պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի արտադրության շարժական զենիթահրթիռային համալիրներ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը:
Ինչպես հաղորդում է Interfax-ը, նրա խոսքերով՝ Սիրիայի կառավարական ուժերի դեմ պայքարող զինյալները մասնավորապես ունեն ամերիկյան արտադրության «Ստինգերներ»: Նա ընդգծել է, որ ռուսական կողմն այդ մասին «հավաստի տվյալներ ունի»: «Իսկ թե ով է դրանք մատակարարել՝ պետք է դեռ պարզել»,- ասել է նա:
Հիշեցնենք, ԱՄՆ իշխանությունները բազմիցս հայտարարել են, թե իրենք Սիրիայի ապստամբներին տրամադրում են միայն կապի միջոցներ և հետախուզական տվյալներ:











































