Հոկտեմբերի 17-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է առաջին անգամ Ֆլորենցիա քաղաքում կազմակերպված Հայկական մշակույթի օրերի բացմանը: ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ բացմանը ներկա են եղել նաև Տոսկանայի մարզպետարանի և Ֆլորենցիայի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հայկական մշակույթի փառատոնը «Ռոմուալդո Դել Բիակո» իտալական հիմնադրամի, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, «Դելտա Կոլչր» հայկական կազմակերպության համատեղ ծրագիր է, որն իրագործվել է Իտալիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել հայկական ժամանակակից արվեստի ցուցահանդես, հայկական ճարտարապետությանը նվիրված ցուցահանդես, ժողովրդական երաժշտության համերգ, կլոր-սեղան և թատերական ներկայացում: Միջոցառումներին ներկայացված են եղել Հայաստանում ու արտերկրում ստեղծագործող հայ արվեստագետներ, ինչպես նաև Երևանի ճարտարապետության ու շինարարության պետական համալսարանի ուսանողներ:
Փառատոնի միջոցառումներն անցկացվել են Իտալիայում ՀՀ դեսպանության, Իտալիայի մշակույթի նախարարության, Տոսկանա մարզի և Ֆլորենցիայի քաղաքապետարանի հովանու ներքո:











































