Իսլամիստ քարոզչին ԱՄՆ արտահանձնելու համար Սոմալիի «Աշ-Շաբաբ» արմատական շարժման իսլամիստները Մեծ Բրիտանիային սպառնում են ահաբեկչություններով: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Մղձավանջը, որը սպասվում է Մեծ Բրիտանիային, կգերազանցի հուլիսի 7-ի և 21-ի սարսափները»,- ասված է համացանցում խմբավորման տարածած հայտարարության մեջ:
2005 թվականի հուլիսի 7-ին լոնդոնյան փոխադրամիջոցներում պայթյունների սերիան 25 մարդու կյանք խլեց: Զոհվեցին նաև 4 մահապարտ ահաբեկիչներ: Երկու շաբաթ անց պայթյունների 4 փորձերը խաթարեցին քաղաքային տրանսպորտի աշխատանքը:
«Ալ-Քաիդա»-ի սոմալիական ստորաբաժանման ներկայացուցիչները նաև հայտարարել են, որ անում են հնարավորը` արտահանձնվածներին ազատ արձակելու համար:
Արմատական քարոզիչ Աբու Համզա Ալ-Մասրին և ևս 4 իսլամիստներ ամսվա սկզբին Մեծ Բրիտանիայի կողմից արտահանձնվել են ԱՄՆ: 54-ամյա Համզային կասկածում են «Ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունենալու մեջ: Նրան մեղադրում են նաև Օրեգոն նահանգում զինյալների նախապատրաստման ճամբար ստեղծելու նպատակով դավադրության և 1998 թվականին Յեմենում 16 մարդու պատանդ վերցնելուն մասնակցելու մեջ:
Մնացած 4-ի դեմ ներկայացվել են Աֆրիկայում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ հարձակումներին մասնակցելու մեղադրանքներ, որոնց պատճառով 1998 թվականին 224 մարդ է զոհվել:







































