Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ուրիշ բան անել չէր կարող, քան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայցի վերաբերյալ քաղաքական որոշում կայացնելը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՍԴՀԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով ՄԻԵԴ-ում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայցի մասին:
Ըստ Գ. Եղիազարյանի՝ սպասելի էր ՄԻԵԴ-ի կայացրած նման որոշումը, քանի որ Հայաստանում ընտրությունները կեղծվել են Պրեսկոտի գլխավորությամբ:
«Նրանք կամ պետք է Եվրոպայից ժամանած իրենց ընկերներին կաշառակեր և սրիկա հանեին և ասեին, որ ճիշտ է հայցը, կամ պետք է այսպես վարվեին: Հիմա այսպես են վարվել: Կա՞ այն մարդը, ով տեսել է ընտրությունները և չի հասկացել, թե ինչ է կատարվում, բացի Պրեսկոտից: Եվրոպային չպետք է լուրջ վերաբերվել, նրանք իրենց խաղն են տանում, պետք է մեր հարցերը մենք լուծենք: Նրանց Հայաստանում խամաճիկ իշխանություն է հարկավոր: Այս մասին ասել եմ, ասում եմ ու կասեմ: Եթե իշխանությունը խամաճիկ չլինի, այդ իշխանությունը կմտածի իր երկրի, իր ժողովրդի մասին: Եվրադատարանի, Պրեսկոտի և Եվրոպայի մասին իմ կարծիքն ունեմ, որովհետև նրանք իրենց ուրիշ կերպ պահել չեն կարող»,- ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վարույթում գտնվող՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ 2008 թ. ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ ներկայացրած 8 պահանջներից Եվրադատարանը քննության է վերցրել միայն 2-ը` 2008 թ. մարտի 1-20-ը տնային կալանքի ու հավաքների ազատության մասով արդյունավետ պաշտպանության միջոցներ ունենալու հարցերը:
«Եվրոպական դատարանում հայցի քննարկման արդյունքում 15.05.2012 թ. ՄԻԵԴ-ը կայացրեց որոշում, որով փաստեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի պնդումները՝ կոնվենցիայի 10, 11, 13, 15 և 3-րդ արձանագրության 1-ին հոդվածների ենթադրյալ խախտման մասով, ամբողջությամբ անհիմն են, և այդ հիմքով Եվրոպական դատարանը բոլոր պահանջները ճանաչեց անընդունելի»,- նշել էր Եվրադատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը՝ ավելացնելով, որ միաժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը վիճարկում էր, որ Ռոբերտ Քոչարյանի արտակարգ դրություն սահմանելու մասին հրամանագիրը ինքնին խախտում էր իր իրավունքները՝ կոնվենցիայի 10, 11-րդ հոդվածների հետ կապված:
Սակայն Եվրոպական դատարանը համարել է, որ այդ բոլոր պնդումներն անհիմն են, և հայցն անընդունելի է ճանաչել, բացառությամբ այն դրույթի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում էր, թե իրեն ենթարկել են տնային կալանքի և ինքը չի ունեցել իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցներ:









































