Իտալիայի դատարանը վեց գեոֆիզիկների և կառավարության աշխատակիցների դատապարտել է յուրաքանչյուրին վեց տարվա ազատազրկման այն բանի համար, որ նրանք չեն կարողացել պատշաճ ձևով Աբրուցցո նահանգի բնակչությանը տեղեկացնել երկրաշարժի մասին, որի զոհերի թիվը կազմել էր 300 մարդ, մոտ հազարն էլ վնասվածքներ էին ստացել, ավերվել էին հազարավոր տներ: Երկրաշարժը տեղի էր ունեցել 2009 թ. ապրիլին։
Դատապարտվածները Զանգվածային սպառնալիքների կանխագուշակման ազգային հանձնաժողովի անդամներ են: Մեղադրող կողմը գտնում է, որ նրանք անփութություն են ցուցաբերել՝ սխալ մեկնաբանելով երկրաշարժի հզորությունն առաջին ցնցումներից հետո:
Գիտնականների փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալները պետք է արդարացվեն, քանի որ երկրաշարժերի հզորությունը հնարավոր չէ կանխագուշակել:
Իտալիայի գիտնականներն իրենց աջակցությունն են հայտնել դատապարտվածներին:
Վճիռն օրինական ուժի մեջ չի մտել և, ամենայն հավանականությամբ, կբողոքարկվի:









































