Հայաստանի ակտիվ հասարակությունն երեկ վրդովվել էր ռուսական քարոզչական մեքենայի կարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Միխայիլ Լեոնտևի բլոգային գրառումից, որտեղ նա ոչ ավելի, ոչ պակաս հայտարարում է, որ Հայաստանը ներկայումս կլիներ բարձիթողի մի պետություն, ինչպես, ասենք, Մոլդովան, եթե չլիներ Ռուսաստանը: Ընդ որում` այս մտայնության վտանգավոր ուշագրավությունն այն է, որ դրանով վարակված են ոչ միայն Հայաստանին իրենց ֆորպոստ դիտարկող ռուսները՝ քաղաքականությունից մինչև կենցաղ, այլ նաև շատ ու շատ հայաստանյան հասարակական ու քաղաքական շրջանակներ, որոնք, ըստ տարբեր սոցիոլոգիական հարցումների, կազմում են մեր բնակչության մոտ երկու-երրորդը, այսինքն` դեռևս ճնշող մեծամասնությունը:
Իրականում, մի կողմ թողնելով Լեոնտևին և նմաններին էմոցիոնալ մակարդակում ժողովրդական բառ ու բանով պատասխանելու գայթակղությունը` արժե փորձել հանգիստ, սառը դիտարկմամբ հասկանալ, թե ինչ է արել Ռուսաստանը Հայաստանի համար, և ինչ կլիներ Հայաստանի վիճակը ներկայումս, եթե Ռուսաստանի հետ հարաբերությունը լիներ ոչ թե վասալային, ինչպես այսօր, այլ գործընկերային:
Նախ` ռուսական քարոզչության դրոշակակիրներին հարկ է բերել Վրաստանի օրինակը: Այդ երկրում պետություն չկար այն տարիներին, երբ Վրաստանում իշխում էր Ռուսաստանի հետ ջերմ հարաբերություն հաստատած, նախկին խորհրդային ֆունկցիոներ Էդուարդ Շևարդնաձեն: Ռուսաստանի հետ բարեկամություն անող Վրաստանը միմիայն ձևական առումով էր պետություն: Այդ պատկերը կտրուկ փոխվեց, երբ եկավ Արևմուտքի հետ բարեկամության ջատագով Միխեիլ Սաակաշվիլին և փորձեց արևմտյան պրակտիկան կիրառել Վրաստանի կառավարման համակարգում: Արդյունքը առավել քան շոշափելի էր և չնայած Վրաստանում կան ահռելի խնդիրներ, որոնք Ռուսաստանի նույն քարոզչամեքենան փչում է տիեզերական չափերի, այդուհանդերձ երկիրը Ռուսաստանի հետ հարաբերությունը խզելով ոչ միայն չկործանվեց, այլ, ըստ էության, շատ ավելի մոտեցավ պետություն լինելու հեռանկարին:
Ի՞նչն է այստեղ խնդրի էությունը: Այն, որ ռուսական բարեկամությունը հետխորհրդային երկրների համար դարձել է ուղղակի բեռ, այն պարզ պատճառով, որ Ռուսաստանի շահից է բխում այդ պետություններում արդիականացման միտումների արգելակումը: Ռուսաստանն ինքը գտնվում է բավական անորոշ պատմական ժամանակահատվածում: Ռուսները այդպես էլ չեն կարողանում գտնել պետական ինքնության ելակետը և որսալ այն գաղափարական հենքը, որի վրա կկառուցվի այդ բազմազգ և մեծ երկիրը որպես պետական միավոր: Այդ իսկ պատճառով ռուսների քաղաքական հավատամքը շարունակում է մնալ դատարկ մեծապետականության ուրվականը, որով փորձ է արվում պահել երկրի ներքին կառուցվածքը:
Արդյունքում, պետությունը նստել է ասեղի վրա, չկա տնտեսական զարգացում, թեև կան նավթային ու գազային միլիարդներ: Ռուսաստանը որևէ կերպ չի կարողանում դուրս գալ ինքն իրենից հումքային կախվածությունից և տնտեսություն դիվերսիֆիկացնել: Լիակատար կոռուպցիա և ամենաթողություն է պետական կառավարման համակարգում՝ վերից վար, բոլոր օղակներում: Այս պայմաններում, Ռուսաստանը չունի իր արտաքին ազդեցության համար պայքարի գործիքակազմը տեխնոլոգիական, մշակութային արժեքների գրավչության վրա դնելու հնարավորություն: Մնում է ռեպրեսիվ մեթոդներով կանխել արդիականացման բոլոր այն միտումները կամ հեռանկարները, որոնք կարող են լինել Ռուսաստանի համար շահերի կենսական գոտի ընկալվող հետխորհրդային հանրապետություններում:
Պատահական չէ, որ Պուտինի իշխանության գալուց հետո, երբ նա փոխարինեց Ելցինին, Ռուսաստանում կայսերապաշտական նկրտումները սրվեցին, որովհետև Պուտինը որոշեց նոր գաղափարի, նոր պետական հենքի բարդ ճանապարհի վրա ժամանակ ծախսելու փոխարեն, գնալ կայսերապաշտական էմոցիաների խաղարկման դյուրին և առավել կառավարելի ճանապարհով: Եվ պատահական չէ, որ այդ համատեքստում էլ դիտարկվեց արտաքին քաղաքականությունը, և Ռուսաստանը ինտենսիվորեն սկսեց հովանավորել հետխորհրդային երկրների բռնապետական և ամբողջատիրական ռեժիմներին: Եվ հատկապես հետխորհրդային այն երկրներում, որտեղ Մոսկվան ունի ազդեցության մեծ լծակներ, Ռուսաստանը գործում է բավական կոշտ: Խոսքը վերաբերում է նաև Հայաստանին:
Այդպիսով, ի՞նչ է ստացել Հայաստանը ռուսական հովանավորությունից կամ օգնությունից` բացի միֆական ընկալումների կարծրացումից, թե եթե ռուսները չլինեն, մենք կորած ենք, թուրքերն ու Ադրբեջանը հում-հում կուտեն մեզ: Իրականում, Ռուսաստանը Հայաստանում հովանավորել է ժողովրդի կամքին հակառակ ձևավորված իշխանական թիմերին, հովանավորել նրանց ուժի կիրառումը խաղաղ քաղաքացիների դեմ, իսկ հաճախ նաև հենց ինքն է մասնակցել այդ ուժային գործողություններին: Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա այստեղ Ռուսաստանը պարզապես կաթվածահար է արել դաշտը և ամայացրել, իսկ տնտեսական առումով, Մոսկվան ընդամենը Հայաստանում վարել է մեկ նպատակին ուղղված քաղաքականություն՝ որևէ կարևորություն չունի արդյունավետությունը, այլ կարևոր է, որ տնտեսական հզորությունները բոլորը պատկանեն Կրեմլին: Ինչ վերաբերում է հասարակական մշակույթին, ապա Ռուսաստանը մեր երկրում խորացրել է ընդամենը կարոտը խորհրդային համակարգի հանդեպ, նպաստել է խորհրդառուսական, ըստ էության, ստագնացիոն արժեհամակարգի բյուրեղացմանը և հասարակության կամքի կաթվածահար անելուն: Ահա այն հիմնարար, ինստիտուցիոնալ ուղղությունները և հետևանքները, որ Հայաստանում արձանագրվել են ռուսական գերիշխանությունից:
Ռուսաստանն, ըստ էության, վիշապի նման փաթաթել է Հայաստանը, կոտրել Հայաստանի ողնաշարը և այսօր ստեղծել մի վիճակ, որ եթե այլևս չպարուրի Հայաստանին իր երկար ու հաստ մարմնով, ապա Հայաստանն ուղղակի կփլվի: Այդ ամենից հետո, ռուսական այն արտահայտությունները, թե առանց իրենց Հայաստանը կորած է` կա՛մ պարզապես իրավիճակային անգիտության հետևանք է, կա՛մ պարզապես լիակատար ցինիզմ, որ գալիս է հայ ժողովրդի հանդեպ հարգանքի իսպառ բացակայությունից: Դա էլ իր հերթին զգալիորեն պայմանավորված է Հայաստանի իշխանության մոտ պետական արժանապատվության բացակայությամբ, երբ տարիներ շարունակ Հայաստանի ռազմավարական հզորությունները տրամադրվել են Մոսկվային, և Մոսկվային է տրվել Հայաստանի փոխարեն որոշումներ կայացնելու իրավունքը:
Սակայն վերջին ժամանակաշրջանում Հայաստանում ձևավորվում է արժանապատիվ քաղաքացիների մի խավ, որը թեև դեռ շատ փոքրաթիվ է, այնուհանդերձ վճռական է երկրի տերը լինելու կարգավիճակի հաստատման հարցում և զերծ է տարատեսակ կարծրատիպերից ու միֆերից, հարցերը և երևույթները դիտարկում է միայն պրագմատիկ կոնտեքստում: Այդ խավի առանձնահատկություններից մեկն էլ պետական ու մարդկային արժանապատվության զգացումն է: Այդ ամենը հիմք է տալիս հուսալու, որ Հայաստանում ձևավորվում է մտածողության որակապես այլ մի կղզյակ, որն էլ այսօր անհանգստացնում է քարոզչական մանիուլյացիաների շնորհիվ Հայաստանը պատանդած կայսրությանը և դրա հայաստանյան սպասարկուներին:









































