Եվրոպական հեռարձակման ընկերությունը Սիրիայի և Իրանի իշխանություններին կասկածում է դիտմամբ արտասահմանյան հեռուստա– և ռադիոընկերությունների արբանյակային ազդանշանների խափանման մեջ։ Այս մասին ընկերությունը հաղորդել է Ժնևում գտնվող իր շտաբ-գրասենյակից այսօր տարածած շրջաբերականում` հղում անելով Eutelsat ընկերությանը, որը զբաղվում է արբանյակային հեռարձակմամբ:
Խոսքը այնպիսի ընկերությունների տեղեկությունների փոխանակման համար խոչընդոտներ ստեղծելն է, ինչպիսիք են BBC-ն, France-24-ը, «Դոյչե վելեն», «Ամերիկայի ձայնը»:
«Տեղեկություն ստանալը մարդու համապարփակ իրավունքն է և ժողովրդավարության գլխավոր բաղադրիչը: Մենք դատապարտում ենք ԶԼՄ-ների ազատության վրա հարձակումը»,- հայտարարել է Եվրոպական հեռարձակման ընկերության գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտոնրեն:
Ընկերությունն ընդգծել է նաև, որ հեռուստա- և ռադիոհեռարձակման ազդանշանները խափանելն, ըստ Էլեկտրակապի միջազգային միության օրենքների, անօրինական է։









































