Հանրապետական կուսակցությունը փորձում է ամեն գնով խուսափել խորհրդարանական ընտրության քարոզարշավի վերջին օրը Հանրապետության հրապարակում ՀՀԿ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի համար պատասխանատվությունից: Ինչպես հայտնի է, պայթեցին փուչիկները, տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան հարյուրավոր մարդիկ, որոնց մեջ նույնիսկ կարող էին լինել զոհեր, որոնք չեղան, թերևս, միայն երջանիկ բարեբախտությամբ: Հայտնի է նաև, որ փուչիկների գործով դատվեց Սերոբ Բոզոյանը` լիցքավորողը:
Հիմա, ՀՀԿ-ի պատասխանատվության մասին հարցադրումներին ի պատասխան, տարբեր ՀՀԿ-ականներ միաբերան ասում են, թե իրենք ինչ կապ ունեն, եթե Բոզոյանն է լիցքավորել փուչիկը պայթուցիկ գազով: Ավելին` ՀՀԿ-ականները սկսել են հայտարարել, թե մեղավորը պատժվել է, իսկ ՀՀԿ պատասխանատվության մասին խոսակցությունները շահարկումներ են: Իրականում ՀՀԿ-ն կամ շատ լավ հասկանում է, որ խնդիրը շատ լուրջ է և հանրության հարցադրումներն իրավացի, ու այլ բան չունենալով ասելու` խոսում է ընդամենը շահարկումներից, կամ էլ ՀՀԿ-ն պարզապես այն աստիճան անմեղսունակ է իշխանական իր բարձունքում, որ չի հասկանում թե ինչ է կատարվել և ինչպես է բաշխվում այդ կատարվածի պատասխանատվությունը:
Հանրապետության հրապարակում տեղի ունեցածը ընդամենը մեկ միջադեպ չէ, այլ մասշտաբային աղետ, և երբ այդ աղետի հետևանքով պատասխանատվության ենթարկվողը լինում է ընդամենը մեկը, այն էլ` խեղճ ու կրակ լիցքավորողը, այն էլ` երբ նա հայտարարում է, որ վտանգի մասին տեղյակ էր պահել պատվիրատուներին, ապա դա ոչ այլ ինչ է, քան պարզապես հանցագործության կոծկում կամ անմեղսունակություն: Երկու դեպքում էլ խնդիրը էական է, որովհետև գործ ունենք իշխող կուսակցության հետ: Այսինքն` ՀՀԿ-ն է տնօրինում պետական լծակների 99 տոկոսը և երբ այդ տնօրինողը անմեղսունակ` վտանգների և երևույթների իրական չափը չպատկերացնող քաղաքական ուժ է, ապա այստեղ արդեն առաջանում են լուրջ հարցեր անգամ պետական անվտանգության մակարդակում: Եվ ով գիտե, որ հենց այդ անմեղսունակությունը չէր պատճառը, վտանգները, ռիսկերը, մարտահրավերները ընդհանրապես գնահատել չկարողանալը չէր պատճառը, որ Հայաստանը հայտնի կենդանու ականջում քնած էր, մինչ Ադրբեջանը Հունգարիայի հետ կնքեց հայտնի գործարքը և տարավ մարդասպանին ու ազատ արձակեց:
Ի՞նչ երաշխիքներ կան, որ վաղը նույն կերպ Հայաստանը անկարող չի լինի գնահատել արտաքին որևէ նոր վտանգ, առավել ևս, որ ներկայիս համաշխարհային մթնոլորտը հենց միայն վտանգներով և մարտահրավերներով է լեցուն, և Հայաստանը չի հայտնվի հերթական ծանր դրության առաջ: Եվ հենց այս տեսանկյունից է կարևոր, թե ՀՀԿ-ն ինչ հետևություններ է անում տեղի ունեցածից և ոչ միայն իրավական, այլ նույնիսկ ներկուսակցական պատասխանատվության ինչ մեխանիզմներ և դրանց գործունեության ինչ կոնկրետ արդյունքներ է ներկայացնում հասարակությանը: Սակայն ՀՀԿ-ն ոչ միայն նման արդյունքներ չի ներկայացնում, ոչ միայն խուսափում է պատասխանատվության մեխանիզմներից, այլ նույնիսկ փորձում է հասարակությանը մեղադրել շահարկումների համար: Սերժ Սարգսյանը հայտարարում էր, թե Հայաստանում անպատժելիներ չեն լինելու, չկան:
Իրականում, մենք հենց անպատժելիության դեպքի ենք ականատես լինում, որի պարագայում անպատժելի է մնում հենց Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժը: Այսինքն` մենք գործ ունենք հանցանքը թաքցնելու իրողության հետ, որովհետև ՀՀԿ-ում չէին կարող չիմանալ 7000 փուչիկի պայթուցիկ գազով լիցքավորված լինելու մասին: Իսկ եթե մարդը գիտե, որ կատարվում է հանցագործություն, բայց լռում է դրա մասին, դա նույնպես հանցագործություն է: ՀՀԿ-ականներին չէր խանգարի ընթերցել քրեական օրենսգիրքը, պետք կգա թե ներկայիս կոնկրետ դեպքի, թե ապագայի համար ընդհանրապես: Իսկ որ ՀՀԿ-ից առնվազն մեկ մարդ տեղյակ էր փուչիկների մարդու կյանքի համար վտանգավոր պարունակության մասին` առնվազն մեկ մարդ, դա թերևս միայն տրամաբանությունից հետո փորձագետները կարող են հերքել կամ բացառել:
Այսպիսով, Սերժ Սարգսյանի կուսակցությունը մնում է անպատժելի, այսինքն` Սերժ Սարգսյանի խոսքերը հերքվում են հենց ՀՀԿ օրինակով: Սա էլ մեկ այլ վտանգ է պետության համար, որովհետև իշխանության ամենաբարձր մակարդակով փաստորեն հանրային սուտ է մատուցվում: Սակայն սուտն, իհարկե, նորություն չէ Հայաստանի իշխանության համար: Այդ իշխանությունը ստի ու կեղծիքի վրա է նստած գրեթե ամենասկզբից: Պարզապես, փուչիկների գործը այդ ստի ու կեղծիքի վրա հենված իշխանավարության տարիների այն դրվագներից է, երբ իշխանությունը կոնկրետ ֆիզիկական սպառնալիք է հանդիսացել քաղաքացիներին: Առաջինը, բնականաբար, Մարտի 1-ն է, երբ տասը մարդ են սպանում Երևանի կենտրոնում իշխանությունը պահելու համար, իսկ երկրորդը` բարեբախտաբար առանց զոհերի, բայց կրկին իշխանության համար պայքարում, հարյուրավոր տուժածներով փուչիկների գործն է: Երկու դեպքում էլ վտանգի աղբյուրը իշխանությունն է, երկու դեպքում էլ ամեն ինչ տեղի է ունենում ներքաղաքական պայքարի կոնտեքստում, և երկու դեպքում էլ տուժում են անմեղ քաղաքացիները:
Թվում է, թե դեպքերը իրարից տրամագծորեն տարբեր են, սակայն այդ մի քանի առանցքային նմանությունները բավական են եզրակացնելու համար, որ Մարտի 1-ն ու Մայիսի 4-ը, քաղաքացիների կյանքի և առողջության հանդեպ Հայաստանի իշխանական համակարգի անպատժելի ոտնձգության օրինակներ են:









































