Երբ հունվար ամսին Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր նշանակվեց Տիգրան Գասպարյանը, թվում էր՝ թատրոնի շուրջ կրքերը կխաղաղվեն, երեքուկես տարվա դադարից հետո վերջապես ամեն ինչ իր տեղը կընկնի, քանի որ շատերի համար անսպասելի էր որոշումը: Մինչ այդ ավելի շատ շրջանառվում էր լուրը, որ գլխավոր ռեժիսորի պաշտոնը հնարավոր է զբաղեցնի Արմեն Մազմանյանը, բայց նշանակվեց Տիգրան Գասպարյանը:
Այս օրերին, սակայն, նորից թեժացել են թատրոնի շուրջ քննարկումները: Երբ Վահե Շահվերդյանն այլևս գլխավոր ռեժիսոր չէր, մեզ հետ զրույցներում նրա որդին՝ բեմադրող ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը, մեկ անգամ չէ, որ բարձրացրել է թատրոնում իր առջև ծառացած խնդիրները, քանի որ բազում նախագծեր անպատասխան էին մնացել թե՛ Մշակույթի նախարարության, թե՛ Սունդուկյանի անվան թատրոնի գեղխորհրդի կողմից: Սուրեն Շահվերդյանն այս իրավիճակն ավելի շատ պայմանավորում էր Շահվերդյան ազգանվան հետ մշակույթի նախարարի ունեցած վերաբերմունքով: Իսկ ի՞նչ է, ի վերջո, այս անգամ կատարվում Սունդուկյանի անվան թատրոնում:
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանից փորձեցինք ճշտել՝ ո՞րն է հիմա Սուրեն Շահվերդյանի և Սունդուկյանի գեղարվեստական ղեկավար Տիգրան Գասպարյանի միջև ծագած խնդիրը, քանի որ Սուրեն Շահվերդյանն այս օրերին բացակայում է երկրից: Նա մեկնել է Լիտվա մի նոր միջազգային թատերական փառատոնի, և երեկ նաև Հնդկաստանից է հրավեր ստացել: Վահե Շահվերդյանի դիտարկմամբ, Սուրեն Շահվերդյանն ընդամենը ուզում է իր բեմադրությունները խաղացանկում ընդգրկվեն: Այդ մարդիկ, ըստ Սուրեն Շահվերդյանի, չեն ցանկանում խաղացանկում ընդգրկել: Խոսքը «Փսիխոզ 4.48»-ի մասին է, որը թեև սկզբում, ըստ Վ. Շահվերդյանի, սիրով ընդունել էին, հետո սկսել են պատճառաբանել, թե ռուսերեն է, իսկ Սուրենն ասել է, որ անմիջապես հայերեն կթարգմանի ներկայացումը. «Այլ պահանջ Սուրեն Շահվերդյանը, բացի իր ներկայացումները չկորցնելուց, չունի»,- ասաց Վահե Շահվերդյանը:
Հետաքրքրվեցինք՝ սա կարո՞ղ է մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերմունքով պայմանավորված լինել, Վահե Շահվերդյանը ժխտեց: Նա վերջին ամիսներին նկատել է, որ մշակույթի նախարարի վերաբերմունքը փոխվել է դրական ուղղությամբ՝ հաշվի առնելով այն, որ նախարարը իր հարցազրույցներից մեկում բարձր է գնահատել Սուրեն Շահվերդյանի ստեղծագործական հնարավորությունները: «Սա պայմանավորվում է այդ երկու անձերի անհասկանալի վարքագծով (նկատի ունի Տիգրան Ներսիսյանին և Տիգրան Գասպարյանին), ովքեր ուզում են թատրոնի լիիրավ տերը դառնալ, բայց ինչո՞վ են դրան խանգարում Սուրենի ներկայացումները, չեմ հասկանում: Սուրենը չի ուզում թատրոնում որևէ պաշտոն ունենալ, և բացի իր ներկայացումների ցուցադրությունից, նա որևէ այլ բանի կարիք չունի»,- նշեց Վահե Շահվերդյանը: Նա նաև խնդիրը բացատրեց մասնագիտական խանդով: Ռեժիսորները, նրա խոսքով, ունեն այդ հիվանդությունը, ոչ մեկը մյուսին չի ընդունում, չի հավանում, իսկ Տիգրան Ներսիսյանի վերջին հարցազրույցները, ակնհայտ բացասական տրամադրվածությունը հետևյալ կերպ բացատրեց. «Երբ ինքը դեռ թատրոնի գեղարվեստական ղեկավար էր, Սուրենը իր ընկերոջ հետ անցնում է թատրոնի ազդագրերի մոտով, ընկերը փորձում է ազդագրի վրա ինչ-որ բան գրել, Սուրենը բռնում է նրա ձեռքը և չի թողնում, Տիգրան Ներսիսյանը կարծում է, թե Սուրենն էլ է գրում ազդագրի վրա: Բացի այդ, Վահե Շահվերդյանի համար անհասկանալի է՝ ինչու է Տիգրան Գասպարյանի փոխարեն խոսում Տիգրան Ներսիսյանը: Նրա խոսքով, գեղարվեստական խորհուրդը բացարձակ անգործության է մատնված:
Տիգրան Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կես տարվա ընթացքում երկու պիես են բեմադրել, մեկը Վիլյամ Շեքսպիրի «Ջոն արքա»-ն է, մյուսի հիմքում Պերճ Զեյթունցյանի «Հարյուր տարի անց» ստեղծագործությունն է: Իսկ ինչ վերաբերում է «Փսիխոզ 4.48» ներկայացմանը, այն դեռ պետք է թարգմանվի, բայց հիշեցրեց, որ «Փսիխոզը» դուրս է եկել խաղացանկից չորս տարի առաջ, ոչ թե ինքն է հանել: Վերջին անգամ «Փսիխոզը» խաղացել են 2007-ի մայիսին. «Բա ամոթ չէ՞, որ դրել ինձ մեղավոր է հանում»,- նշեց Տիգրան Գասպարյանը՝ հավելելով, որ այս ամենն արվում է թատրոնում անկայունություն ստեղծելու համար, իսկ վերջին ամիսներին թատրոնում վիճակը կայունացել է: «Մի՞թե կայունության նշան չէ՞ այն, որ կես տարում երկու ներկայացում է բեմականացվել: Նրա խոսքով, ոչ ոք Սուրեն Շահվերդյանին չի ասում` «Փսիխոզը» չի լինի, թատրոնը հենց ժամանակ կարողացավ տրամադրել, այն կդրվի գեղխորհրդի նիստում: Իսկ «Նևրոզ» ներկայացումն էլ, նրա խոսքով, ինքը չի հանել խաղացանկից, դերակատարներից երկուսը դուրս են եկել թատրոնից:
«Երդվում եմ՝ նա ինձ ասում է, որ պատերազմը դաժան է լինելու, հետո կանգնում ասում է՝ այդպիսի բան չի ասել, երիտասարդների անունից է խոսում, մինչդեռ երկու-երեք կողմնակից կարող է ունենալ»,- ասաց Տիգրան Գասպարյանը: Բացի այդ, հավելեց, որ Վահե Շահվերդյանի շատ ներկայացումներ այսօր էլ շարունակում են համալրել թատրոնի խաղացանկը: Տեղեկացրեց նաև, որ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնադրման 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկո պետք է իրականացնեն: Թատրոնը, ըստ նրա, կամաց-կամաց հունի մեջ է ընկնում, իսկ այս ամենն արվում է, որ նորից այն մթնոլորտը ստեղծվի, ինչը թատրոնում եղել է երկար տարիներ:
«Հարց չի՞ առաջանում, լավ, մենք շատ վատն ենք, եթե ներկայացմանդ համար սիրտդ այդքան ցավում է, դիր մի ուրիշ թատրոնում: Իսկ տարօրինակ չէ՞, որ իր հոր ղեկավարման ժամանակ որևէ երիտասարդ բեմադրիչ որևէ գործ չի բեմադրել: Նա ասում է բեմադրել են Աիդա Հովհաննիսյանը, Արմեն Մեհրաբյանը, Հրաչյա Ղազարյանը, որոնք ինձնից տասը-քսան տարի մեծ մարդիկ են, մի երիտասարդ չի եղել այդ ընթացքում: Հիմա ես բանակցում եմ տարբեր երիտասարդների հետ, որ գան, գործ անեն»,- նշեց Տիգրան Գասպարյանը` հավելելով, որ իր ներկայացումներից շատերը այսօր խաղացանկում չեն:









































