Տարեց իտալուհին իր ողջ ունեցվածքը, որը գնահատվում է 2 միլիոն եվրո, կտակել է սիրելի շանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իտալական ԶԼՄ-ներին:
Կազերտա քաղաքում դստեր և մի քանի թոռների հետ բնակվող 84-ամյա կնոջ որոշման մասին շաբաթ օրը հայտարարել է նրա փաստաբան Լուչիա Էսպոզիտոն:
Կտակի համաձայն՝ ոչ ազնվացեղ Կիկկո անունով շանն են անցնում երկու բնակարանները, մի քանի հողակտորներ, ինչպես նաև նրա տարեց տիրուհու բանկային հաշիվները: Փաստաբանի խոսքով՝ կինը նման որոշում է կայացրել իր ամուսնու մահից անմիջապես հետո:
Ընդգծելով, որ իր հաճախորդուհին անձամբ է իր ձեռքով գրել կտակը, Էսպոզիտոն բացատրել է, որ այս գործի հետ կապված կինը խորհրդակցել է նախկինում նման փաստաթղթեր հավաստած այլ իրավաբանների հետ ևս:
Իտալիայի օրենքներով՝ տնային կենդանիներին ուղղված ունեցվածքի կտակը իրավաբանական ուժ չունի: Այդ իսկ պատճառով՝ իրենց ունեցվածքը սիրելի կատվին կամ շանը թողնել ցանկացողները պետք է նշեն իրենց կամակատարի՝ ֆիզիկական անձի կամ հասարակական կազմակերպության անուն: Կամակատարը պարտավոր է ցմահ արժանապատիվ կյանք ապահովել կենդանու համար:
84-ամյա իտալուհին կամակատար է նշանակել փաստաբան Էսպոզիտոյին:









































