«Բասիջ» իրանական ժողովրդական աշխարհազորի հրամանատար, ջոկատային գեներալ Մուհամմեդ Ռեզա Նակդին Հրեական պետության դեմ հանդես է եկել նոր սպառնալիքներով:
Իրանական PressTV-ի հետ հարցազրույցում Նակդին հայտարարել է. «Սիոնիստներին սպասվում են իրենց տարածքի գլխավերևում 25 տարբեր մոդելների հարյուրավոր նոր անօդաչու թռչող սարքեր: Նրանք չեն իմանա՝ դրանց հետ ինչ անել»,- ասել է նա:
Ավելի վաղ Իրանի Պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հաստատել էր, որ Իրանն էր «Հըզբոլլահին» տրամադրել Նեգևում հոկտեմբերի 6-ին խփված անօդաչու սարքը:
«Իրանի տեխնոլոգիական հնարավորությունները շատ մեծ են, և դրանք իսլամական ազգերի տիրապետության տակ են: Միանգամայն բնական է, որ մենք կկիրառենք մեր տրամադրության տակ գտնվող բոլոր միջոցները՝ պաշտպանելու իսլամական աշխարհի հողերը: Այդ դեպքը ցույց է տալիս, որ «Հըզբոլլահը» լիովին պատրաստ է պատասխանելու սիոնիստական ագրեսիային»,- ասել է Վահիդին:









































