«Սիվիլիթաս» հիմնադրամի աշխատակիցները արդեն մի քանի անգամ բազմազան ակցիաներով են հանդես եկել՝ ի պաշտպանություն ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հարցին, թե ինչո՞ւ չի մասնակցում «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվող ակցիաներին ի պաշտպանություն իր կուսակից Վարդան Օսկանյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը պատասխանեց, որ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի ԱԺ-ում արդեն իսկ հանդես է եկել: Նրա խոսքով՝ ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի ԲՀԿ-ն հանդես է գալիս ամբողջ քաղաքական թիմով:
«Այնպես որ, ակցիային միանալու հրատապ կարիք չկա, որովհետև մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ մենք մեր կուսակցի կողքին ենք և անելու ենք ամեն ինչ նրան պաշտպանելու համար»,- հստակեցրեց Էլինար Վարդանյանը:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը մասնակցել էր ՀԱԿ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանի ազատ արձակման պահանջով ակցիային:








































