Երեկ Բեռնում վերսկսվել են ռուս-վրացական բանակցությունները Ռուսաստանի` Առևտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու խնդրի շուրջ,- հաղորդում է Коммерсант-ը:
Մինչ այժմ Թբիլիսին Ռուսաստանին ներկայացրել է Աբխազիայում և Հարավային Օսիայում մաքսային վերահսկողություն ունենալու պահանջ: Այս խնդրով բանակցությունները սկսվել են դեռևս 1999-ին, երբ Վրաստանը դարձել է ԱՀԿ-ի անդամ:
Ռուսական կողմը մինչ այժմ մերժել է վրացական պահանջը, սակայն բանակցությունների այս փուլից առաջ Թբիլիսին հասկացրել էր, որ պատրաստ է զիջումների: Հնարավոր տարբերակներից մեկը նշվել է Մերձդնեստրյան տարբերակը, որտեղ միջազգային կազմակերպությունները երկրամասի սահմանի վերահսկողություն են կատարում՝ չգտնվելով Մերձդնեստրյան Հանրապետությունում:
Ռուսական կողմը այս տարբերակը լուծում չի համարում, իսկ վրացի մաքսայինների առկայությունը Աբխազիայի ու Հարավային Օսիայի մաքսակետերում համարում է ուղղակի ոչ իրատեսական, քանի որ դրա համար վրացական կողմը պետք է բանակցի ոչ թե Մոսկվայի, այլ հենց չճանաչված հանրապետությունների իշխանությունների հետ:
Իսկ մերձդնեստրյան տարբերակն անհնար է, քանի որ, օրինակ, Եվրամիությունը, որը կարող է իրականացնել երկրամասերի սահմանների մոնիթորինգը, չի կարող առաքելություն իրականացնել Աբխազիայում և Օսիայում՝ առանց այդ իշխանությունների հետ կոնտակտի:
Ռուսները շեշտում են, որ այդ ամենը պարզապես կապ չունի Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ: