Հաջորդ տարի նախատեսվող հարկային հավաքագրումների ավելացումը մոտ 122 մլրդ դրամով կապահովվի, քանի որ որոշակի ճյուղերում կա տնտեսական աճ, հանքարդյունաբերությունը, սննդի արդյունաբերութունը որոշակիորեն զարգանում են, ներդրումներ եղան, և միայն մի քանի գործարանի բացվելն արդեն կարող է ազդել դրա վրա: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ 2013-ի բյուջեի եկամտային մասի ապահովման առումով որոշակի ազդեցութուն կունենա նաև չարաշահումների վերջին բացահայտումների շարքը:
«Մինչև հիմա գումարների մի մասը չի հավաքվել և չի հավաքվում: Կառավարությունը կաշկանդված է եղել բյուջեն մշակելիս, որպեսզի 2013-ին ռիսկերի չդիմի ցուցանիշների ապահովման համար: Եվ այդ զգուշավորության պայմաններում մենք հաջողություններ չենք ունենա կոռուպցիայի դեմ պայքարում: Միայն որոշակի հաջողություն կունենանք տնտեսության 3-4 ճյուղերում, որտեղ մասնավոր հատվածը, տարբեր ներդրողներ՝ և՛ տեղացի, և՛ արտասահմանցի գործարարներ, բացում կամ վերազինում են ձեռնարկություններ»,- ասաց Գ.Մակարյանը:
Ըստ նրա՝ գործազրկության թիվն աճում է երկրում, և հաճախ դրա մեղավորը պետական համակարգն է: 2008-ին մոտ 123 հզ. 750 ձեռնարկություն կար, որոնց 50%-ը չէր գործում:
Հիմա ունենք 172 հզ. ձեռնարկություն, որոնց կրկին 50%-ը չի գործում: Այսինքն՝ միտումը մնում է նույնը այս 4-5 տարիների ընթացքում:
ՊԵԿ-ը չգործող ընկերութունների ցուցակն անցած տարի որոշ չափով մաքրեց, բայց հետո կրկին ավելացան, ստեղծվում են նոր ՓՄՁ-ներ, բայց դրանք չեն դիմանում մրցակցությանը և մեռնում են, կապիտալի տեղաշարժ է լինում, նորերի ձեռքից խլում են, և կապիտալը հոսում է միջին ու խոշոր բիզնեսի կողմը: Չի եղել դեպք, որ միջին կամ խոշոր բիզնես փակվի:
ՀՀ-ում ամբողջ աշխատավարձի ֆոնդը, որ առաջանում է պետական և մասնվոր ֆոնդում, քանի որ եթե միջին աշխատավարձը 300 դոլարի սահմաններում է (գյուղացիներին չենք հաշվում), դա մոտ 2 մլրդ դոլար գումար է, բայց այդքան գումար, ըստ Մակարյանի, ՀՀ-ն ստանում է տրանֆերտներով, այսինքն՝ մեր տնտեսության ակտիվությունը 50%-ով պայմանավորված է դրսից եկող միջոցներով, և 50%՝ ներքին: «Դա լավ ցուցանիշ չէ, քանի որ արտագաղթողների հոսքն ավելանում է, և այնտեղ նրանք իրենց դիրքերն ապահովում են, այսինքն՝ հնարավոր է՝ շուտով մեր տնտեսությունն ավելի մեծ մասով կախվածության մեջ ընկնի դրսից եկող գումարներից: Պետական քաղաքականությունը պետք է այնպես ուժեղացվի, որ դա խթանի ձեռնարկությունների արտադրողականութունը, ադյունավետությունը և մրցունակությունը, որի շնորհիվ կարողանանք կայուն աշխատատեղեր ստեղծել և 300 դոլարից բարձր աշխատավարձ ապահովել: Հակառակ դեպքում դա տնտեսության աճի համար լուրջ խոչընդոտ է: Բոլոր զարգացող ոլորտներն արտահանվող արտադրանք չեն տալիս, իսկ մեր երկրում ո՞վ և ո՞ր միջոցներով է գնելու»:
Գ.Մակարյանի բնորոշմամբ՝ ջուրը արմատներին չի հասնում: Փոքր ձեռնարկությունները ոչնչանում են, իսկ խոշորները փակ շղթա են ստեղծել, որտեղ մրցակցություն չկա: Թոփ 25 արտահանվող ապրանքները ընդհանուրի 88%-ն է կազմում, իսկ այդ 25-ի 75 %-ը հանքարդյունաբերությունն է: Ներմուծման մեջ 25 ապրանքներ կազմում են ընդհանուրի 50%-ը: Եվ ըստ Մակարյանի՝ արդեն մի քանի տարի նույն դինամիկան պահպանվել է, ու առաջին եռյակում կամ քառյակում միշտ նույն ապրանքներն են, որոնք փոքր բիզնեսի արտադրածը չեն:
«Քաղաքականությունը պետք է լիներ շատ ավելի համարձակ՝ միտված գործարար միջավայրի բարելավմանը ու փոքրերի խթանմանը, ուժեղ պայքար տարվեր կոռուպցիայի և անհավասար մրցակցության դեմ: Եթե կոռուպցիայի և ստվերի դեմ լուրջ պայքար մղվեր, այդ 122 մլրդ դրամը կհավաքվեր և դեռ մի բան էլ ավելի»,- ընդգծեց Գ.Մակարյանը:







































