Հնդկաստանի բնակչությունը շարունակում է աճել և ներկայումս մոտ 1,2 մլրդ է: Կանխատեսվում է, որ մինչև 2020-ը Հնդկաստանը բնակչության թվով կարող է ոչ միայն հասնել Չինաստանին, այլև շրջանցել այդ երկիրը:
Սակայն սա վերաբերում է երկրի բնակչության ոչ բոլոր էթնիկ խմբերին: Ուստի երկրի կառավարությունը որոշել է էթնիկ փոքրամասնություններից մեկին օգնել` ավելանալու: Խոսքը հնագույն զարոաստրիզմ կրոնը դավանող պարսերի մասին է, որոնց թիվը գնալով պակասում է, ինչի հետ կապված` մտավախություն կա, որ դարավերջին այս էթնիկ խումբը կարող է վերանալ: 2001-ի մարդահամարի տվյալներոով` Հնդկաստանում գրանցվել է 70.000-ից պակաս պարս:
Պարսերի թվի նվազելն ունի իր բացատրությունը. համայնքը փակ է, նրանք չեն ընդունում միջէթնիկական կապերը: Եթե կինն ամուսնանում է ոչ պարսի հետ, նա այլևս պարս չի համարվում, նրա երեխաները` նույնպես: Եթե պարս տղամարդն ամուսնանում է ոչ պարս աղջկա հետ, նրա երեխաները համարվում են պարս, սակայն կինը չի ընդունվում:
Պարսերի թվի նվազման պատճառներից մեկն էլ այն է, որ նրանք Հնդկաստանի ամենահաջողակ և գրագետ փոքրամասնություններից են:
Պարսերը մասնակցել են Բրիտանիայի լծից Հնդկաստանի անկախության պայքարին: Աշխարհի ամենահայտնի պարսը, թերևս, բրիտանական Queen խմբի մենակատար Ֆրեդի Մերկուրին է:
Պարսերի համայնքը վերացումից փրկելու նպատակով բացվում են մասնագիտացված հիվանդանոցներ և հովանավորվում են ծննդաբերության աճի ծրագրեր: Օրինակ` երրորդ երեխա ունեցող պարսերը զգալի գումար են ստանում: Հնարավոր է` երիտասարդներն ապահովվեն ավելի մեծ բնակտարածքով, որպեսզի ավելի շատ երեխաներ ունենան:







































