Հոկտեմբերի 16-18–ը Ստրասբուրգում կայացել է Եվրախորհրդի երկրների Տեղական իշխանությունների ներկայացուցիչների 23-րդ կոնգրեսը:
Ադրբեջանի մասին զեկույցը, որտեղ գնահատական է տրվում անցած մոնիթորինգից հետո ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ժողովրդավարությանը, ներկայացրել են Իոս Վիենեն՝ Նիդեռլանդներից և Գուրդուն Մոսլեր Թորսթրոմը՝ Ավստրիայից:
Զեկույցում նշված է, որ երկրում գոյություն ունի տեղական իշխանության երեք մարմին, որոնք քաղաքային խնդիրների լուծման մեջ կարևոր դեր չեն կատարում: Բացի դրանից, Ադրբեջանի իշխանություններն անտեսել են այն առաջարկները, որոնք արվել էին անցած մոնիթորինգի ժամանակ։
«Փաստացի, տեղական և տարածքային ժողովրդավարություն Ադրբեջանում գոյություն չունի, գոյություն չունի նաև իրադրությունը փոփոխելու վերաբերյալ որևէ ծրագիր, որը շատ է մտահոգում մեզ», ասվում է զեկույցում։
Զեկույցում ընդգծվում է տեղական ինքնակառավարման մարմինների ձևական բնույթը և պետական մարմինների կողմից քաղաքապետարանների վրա մեծ ճնշում գործադրելը: Բացի դրանից, գոյություն չունի քաղաքապետարանների միջև խորհրդակցական ընթացակարգեր այն հարցերի շուրջ, որոնք անմիջապես վերաբերում են իրենց խնդիրներին և ընդհանուր են բոլորի համար: Այս կապակցությամբ կոնգրեսը կոչ է արել Ադրբեջանին իրավիճակը փոխելու միջոցներ ձեռնարկել՝ հիմք ընդունելով կոնգրեսի առաջարկությունները:
Կոնգրեսը նաև կոչ է արել հաջորդ նիստին քննարկումների համար հրավիրել Ադրբեջանի արդարադատության նախարարին, ինչպես նաև՝ Բաքվում տեղական ինքնակառավարման մարմինների համար հատուկ սեմինարներ կազմակերպել:











































