Երեկ Երևանում հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստում համաձայնագիր է ստորագրվել էներգետիկ ոլորտում հայ-ամերիկյան գործակցության մասին: Սա, ըստ էության, աննախադեպ մի փաստաթուղթ է` նկատի ունենալով ոչ միայն մինչ այժմ այդպիսի փաստաթղթի բացակայությունը, այլ նաև այն, որ Հայաստանի էներգետիկ ոլորտը գրեթե ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին և այստեղ ամերիկյան ներկայությունը կարող է բոլորովին նոր զարգացումների մասին մտածելու հիմք դառնալ:
Ավելին` կողմերը հայտարարել են, որ կոնկրետ գործակցություն է լինելու Հայկական ատոմակայանի կյանքը տասը տարով էլ երկարաձգելու հարցում: Ատոմակայանը, ինչպես հայտնի է, կառավարման էր տրվել Ռուսաստանին, որը սակայն մի քանի տարի կառավարելուց հետո այն հանձնեց հետ Հայաստանին: Չի բացառվում, որ այստեղ Ռուսաստանն ակնկալում էր այդ միջոցով ճնշում ավելացնել Հայաստանի վրա: Հայաստանը կստանձներ ատոմակայանի կառավարումը, չէր կարողանա միայնակ գլուխ բերել այդ բարդ գործընթացը, կրկին կդիմեր ռուսական կողմին, և այս անգամ ռուսները կպահանջեին ավելի շահավետ պայմաններ իրենց համար:
Փաստորեն ամերիկյան կողմն օգնության է գալիս Հայաստանին, և ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, որն ԱՄՆ անունից ստորագրել է էներգետիկ ոլորտի համագործակցության համաձայնագիրը, հայտարարել է հայկական ատոմակայանի ևս տասը տարով շահագործման ընթացքում Հայաստանին օգնելու հանձնառության մասին: Սա իսկապես աննախադեպ զարգացում է հայ-ամերիկյան հարաբերության առումով, և այն, անշուշտ, ունի տարածաշրջանային կարևոր նշանակություն:
Էներգետիկան առանցքային ոլորտ է, ռազմավարական ոլորտ, և հատկապես Հայաստանի պարագայում այն դարձել է պետական ինքնիշխանության ելակետային դրույթներից մեկը: Հայաստանն ինքնիշխանության վերականգնման մասին կարող է մտածել միայն էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայի դեպքում, քանի որ ոլորտը ներկայումս գրեթե ամբողջությամբ պատկանում է Ռուսաստանին: Եվ այս իմաստով, հայ-ամերիկյան համաձայնագրի կնքումը Հայաստանի համար կարող է նշանակել առայժմ թեկուզ փոքր, բայց կարևոր քայլ դեպի ինքնիշխանության վերագտնում:











































