Չինաստանում մեկնարկել է համապետական մարդահամարը, որի ընթացքում կվերահաշվառվի ավելի քան 1.3 մլրդ մարդ: Սա վերջին 10 տարիների ընթացքում առաջին մարդահամարն է, որի իրականացմանը ներգարվվել է 10 մլն մարդ:
Չինաստանի իշխանությունները սրանով ցանկանում են ոչ միայն պարզել, թե որքան է երկրի քաղաքացիների իրական թիվը, այլ նաև ստանալ ներգաղթյալների թիվը: Տարբեր գնահատականներով , ներգաղթյալները երկրում ավելի քան 200 մլն են: Արտասահմանցիներն անկետաները կլրացնեն իրենց ծանոթ 5 լեզուներից մեկով, այդ թվում` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն:
Հիշեցնենք, որ Չինաստանի բնակչության կրճատման նպատակով տեղի իշխանություններն արգելում են ամուսնական զույգերին մեկ երեխայից ավելի ունենալ: Մինչդեռ երկրում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք ունեն մեկից ավելի երեխաներ, բայց նրանց չեն գրանցում: Մարդահամարի միջոցով նաև հնարավոր կլինի պարզել նրանց իրական թիվը: Մարդահամարի իրականացմանը հատկացվել է $100 մլն, արդյուքները պարզ կդառնան միայն կես տարի հետո: