Գյումրիում կրկին նախընտրական կաթսա է եռում, այս անգամ հարցերի հարցն է, թե ում է հասնելու նախկին պատգամավոր Սամվել Բալասանյանի մանդատը: «Սովրանո» ՍՊԸ տնօրեն, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը 35-րդ ընտրատարածքում շարունակում է մնալ միակ առաջադրված թեկնածուն: «Հրապարակը» գրում է, որ սրա հետ կապված` երեկ քաղաքում հիշում էին Վարդան Ղուկասյանի վերջին սրամտությունը. «Արման Սահակյանին, որպես նարկոտիկ, ջեբս քցեցին»:
Երեկ գյումրեցիք թերթին զանգահարում էին ու պատմում, որ քաղաքում վախի մթնոլորտ է տարածում մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը, որը մարզպետ Աշոտ Գիզիրյանի մարդն է: Վստահեցնում էին, որ ով համարձակվի իր թեկնածությունը դնել, Բաբակեխյանը նրան «փակելու» է: Ինչևէ, հոկտեմբերի 16-ին մի սպորտսմեն էլ հայտնվեց, ով ցանկանում էր ՀՅԴ-ի կողմից պատգամավորի թեկնածություն առաջադրել (Արման Սահակյանն էլ է սպորտի հետ առնչություն ունեցել: Երևում է` Գյումրիում թեկնածու դառնալու համար բիլակների առկայությունը պարտադիր է` խմբ.): Խոսքը հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի և Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի չեմպիոն և մրցանակակիր Լևոն Գեղամյանի մասին է: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն վաղուց էր հայտարարել, որ Գյումրիում թեկնածու է ունենալու, որին պետք է պաշտպաներ նաև ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը: Երեկ ըմբիշը որպես թեկնածու առաջադրվելու իր մտադրության մասին հայտնեց ԳԱԼԱ հեռուստատեսության եթերում` ասելով, որ վերջնական որոշում դեռ չի ընդունել: Նույն օրը, ուշ երեկոյան, սակայն, «Հրապարակի» հետ հեռախոսազրույցում նա հայտարարեց, որ հրաժարվում է թեկնածություն դնելու մտքից: «Ես հանդիպեցի ՀՀԿ-ական Արման Սահակյանի հետ: Միասին քննարկեցինք, և որոշեցի, որ ես չեմ առաջադրվելու,- ասաց Լևոն Գեղամյանը:- Ինքը կարգին տղա է, ուզում է այն, ինչ ես եմ ուզում: Եթե ինքը գալիս է դրսից և մեր Գյումրիի համար ուզում է լավ բան արած լինի, ուրեմն պետք է օգնենք նրան»: Հարցին` «Հնարավո՞ր է, որ Ձեզ զանգահարել են Կարեն Բաբակեխյանի տղաները ոստիկանությունից և ասել, որ հանեք թեկնածությունը», Գեղամյանը պատասխանեց. «Ինձ ոչ մեկը ոչ մի բան չի կարող ասել: Ես ու իմ ընտանիքը շատ մաքուր ենք ապրել: Չեմպիոն եմ աշխարհի, դա բոլորը գիտեն, իսկ չեմպիոններին նման բան ոչ ոք էլ չի կարող ասել: Իսկ եթե հանկարծ ասեն, հակառակ ռեակցիան կարող են ստանալ»:
Այսպիսով, առայժմ հաստատվում են ենթադրությունները, որ Գյումրիում ԲՀԿ-ն և ՀՀԿ-ն համաձայնության են եկել` կիսելով պաշտոնները: Մանդատը` ՀՀԿ-ին, քաղաքապետի աթոռը` ԲՀԿ-ին:
Ի դեպ, նախօրեին նոր քաղաքապետի առաջին աշխատանքային օրն էր: Գյումրեցիները պատմում էին, որ նա հրահանգել է քաղաքապետարանի պատերը փորփրել: «Վարդանիկի ժուչոկները կփնտրե»,- լուրջ բացատրում էին նոր քաղաքապետի անցուդարձին ուշիուշով հետևողները: Իսկ քաղաքապետարանից պատասխանեցին, որ նոր քաղաքապետը ոչ թե ժուչոկներ է փնտրում, այլ ներքին հարդարման աշխատանքներ է սկսել հին շենքում:










































