ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում մանկական համակրանքը պատկանում է Բարաք Օբամային: Մանկական գրականության «Սքոլոստիկ» հրատարակչության կազմակերպած ավանդական քվեարկության ընթացքում գործող նախագահ Բարաք Օբաման իր 51%-ով շրջանցել է մրցակից Միթ Ռոմնիին, որը հավաքել էր 45%: Աշակերտների 4%-ը քվեարկել է այլ թեկնածուների օգտին:
Այդ «ընտրություններին» մասնակցել է մինչև 18 տարեկան գրեթե 4 մլն ամերիկացի: Նրանց ավագ համաքաղաքացիները նոյեմբերի 6-ին իրականում կընտրեն ԱՄՆ նախագահին:
Մանկական քվեարկությունը խաղ չէ: Այն անցկացվում է ԱՄՆ-ում 1940 թվից, և մասնագետները պնդում են, որ այս տարիների ընթացքում միայն երկու անգամ է, որ անչափահասների և մեծահասակների կարծիքները չեն համընկել:











































