«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վաշինգտոնաբնակ միջազգայնագետ Արմեն Խարազյանը:
– Պարոն Խարազյան, ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը հայտարարել է, որ նոյեմբերի 6-ին կայանալիք նախագահական ընտրություններում չի սատարելու ո՛չ նախագահ Բարաք Օբամայի, ո՛չ Միթ Ռոմնիի թեկնածությունը: Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը: Արդյոք այս որոշումը պայմանավորված չէ՞ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ գործող նախագահի և հանրապետական թեկնածուի դիրքորոշմամբ:
– Իր հայտարարության մեջ Հայ Դատի գրասենյակն առաջնորդվել է հայկական հարցերի վերաբերյալ երկու թեկնածուների արտահայտած դիրքորոշումներով: Օբամայի պարագայում համայնքը դժգոհ է, որ վարչակազմը չի արդարացրել Ցեղասպանության ճանաչման հարցում սպասելիքները և օժանդակել է հայ-թուրքական մերձեցման գործընթացին, որը Սփյուռքում քննադատությամբ է ընդունվել:
Ռոմնիի պարագայում խնդիրն այն է, որ նա, իբրև թեկնածու, դեռևս չի անդրադարձել ամերիկահայությանը հուզող հարցերին, և ընդհանուր տպավորություն կա, որ այդ խնդիրները նրան առանձնապես չեն հետաքրքրում: Մյուս կողմից` Ռոմնին Հանրապետական կուսակցության թեկնածուն է, իսկ այդ կուսակցությանն աջակցող շրջանակներն ավանդաբար ավելի սերտ հարաբերություններ ունեն ռազմաարդյունաբերական և նավթագազային համալիրի հետ, ինչը խոչընդոտում է ամերիկահայությանը հուզող հարցերի նկատմամբ այդ կուսակցության և դրա համակիր շրջանակներում դրական մոտեցումներ ձևավորելուն:
Կա մի նկատառում ևս. բոլորն էլ հասկանում են, որ նախընտրական խոստումները միշտ չէ, որ հաջողությամբ վերածվում են քաղաքական նպատակի: Հակառակը` դրանք հաճախ մոռացվում կամ կորսվում են կառավարման ընթացքում ուշադրություն պահանջող միլիոնավոր այլ հարցերի մեջ: Ուստի` նույնիսկ եթե թեկնածուները խոստումներ շռայլեն, դրանց արժեքն այս պահին ավելի խորհրդանշական է, քան իրական: Միաժամանակ, Հայ դատի հանձնախմումբը դեռևս կարող է ավելի որոշակի մոտեցում որդեգրել, եթե մինչև ընտրություններ թեկնածուներն ավելի հստակեցնեն իրենց դիրքորոշումները:
– Որքանո՞վ է ճիշտ Հայ Դատի այս որոշումը, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ–ը Հայաստանի համար այսօր կենսական գործընկեր է տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, գիտական:
– Իհարկե, ԱՄՆ-ի նախագահական ընտրությունն Ամերիկայի մասին է, այլ ոչ` Հայաստանի, և այս կամ այն թեկնածուի հաղթանակը Միացյալ Նահանգների առաջիկա 5-10 տարվա զարգացման վրա մեծ ազդեցություն է ունենալու: Նժարի վրա են կարևորագույն խնդիրներ, որոնց առթիվ կողմերը երբեմն հակադիր, իրարամերժ աշխարհայացք ու դիրքորոշում ունեն` սկսած Գերագույն դատարանի դատավորների նշանակումից (2, նույնիսկ 3 դատավորի նշանակում է ակնկալվում), վերջացրած առողջապահության ռեֆորմի, հարկային քաղաքականության, արդյունաբերական և տնտեսական զարգացման, ենթակառուցվածքի, էներգետիկայի ու տեխնոլոգիաների, ինչպես նաև կարևորագույն սոցիալական հարցերով՝ ընտանիքի ու ամուսնության խնդիրներ, հրազենի վերահսկում, ֆեդերալիզմ և այլն: Թեկնածուներից յուրաքանչյուրն իր հետ բերում է այս հարցերի նկատմամբ իրեն հատուկ մոտեցումներ ու քաղաքական օրակարգ: Այս կամ այն թեկնածուին նախապատվություն չտալն ամերիկահայությանը պարզապես անմասն է թողնում նշված խնդիրներում իր կազմակերպված քվեն ներկայացնելու հնարավորությունից, ինչը, իմ կարծիքով, լավագույն քաղաքական դիրքորոշումը չէ, որով ամերիկահայությունը կցանկանար իր քաղաքական ձայնն ու ներկայությունն ապահովել ԱՄՆ նախագահական մրցավազքում:










































