eBay-ում 9.995 հազար դոլարով վաճառվել է 90-ականների սկզբին McDonald’s-ի կողմից արտադրված McJordan բուրգերի սոուսի տարան՝ նվիրված բասկետբոլիստ Մայքլ Ջորդանին: Այս մասին հաղորդում է The New York Daily News-ը:
Սոուսի պիտանելիության ժամկետը լրացել է 1992 թ.: Տարան վաճառողը Հյուսիսային Դակոտա նահանգում McDonald’s-ի ռեստորանի նախկին օպերատոր Մորտ Բենքն է: Նա հայտարարել է, որ տարան իր մոտ պահպանվում է 90-ականների սկզբից՝ McDonald’s-ին վերաբերող այլ արժեքավոր իրերի հետ միասին: Բենքը ենթադրել է, որ հազիվ թե ինչ–որ մեկի մտքով անցներ պահպանել սոուսը, և այդ տարան, ամենայն հավանականությամբ, աշխարհում միակ օրինակն է:
McJordan-ի սոուսի տարան վաճառվել է ֆիքսված գնով, և ոչ թե աճուրդի ձևաչափով, որը հասանելի է նաև eBay-ում: Վաճառողի խոսքերով՝ եթե տարան աճուրդի դրվեր, ապա այն շատ ավելի թանկ կվաճառվեր:
Մորտ Բենքը չի բացահայտել գնորդի անունը՝ նշելով միայն, որ նա եղել է Չիկագոյից: Բենքը ենթադրել է, որ գնորդը եղել է Chicago Bulls-ի երկրպագու (բասկետբոլի թիմ, որտեղ խաղացել է Մայքլ Ջորդանը): Գործարքի պայմաններով՝ առաքումն իրականացվել է անվճար:
McJordan-ը եղել է McDonald’s-ի առաջին բուրգերը: Այն անվանակոչվել է բասկետբոլիստի անունով՝ առաջնություններում նրա թիմի մի շարք հաղթանակներից հետո: Բուրգերը վաճառվել է սահմանափակ քանակով՝ միայն ԱՄՆ Միջին Արևմուտքի մի քանի նահանգներում:








































