Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ու ԵՄ-ի համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 19-ին, Բրյուսելում: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ի մամլո և տեղեկատվության վարչությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ նիստի ժամանակ քննարկվելու է Վրաստանի ու ԵՄ-ի միջև հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերելու են նաև Վրաստանի հակամարտություններին ու բարեփոխումներին:
Վրաստանի փոխարտգործնախարար Սերգի Կապանաձեի խոսքերով՝ այդ նիստի ուշադրության կենտրոնում են լինելու Ասոցիացման, ազատ առևտրի և վիզայի ազատականացման համաձայնագրերի վրա տարվող աշխատանքները ժամանակին ավարտելու հարցը: Նիստին մասնակցելու է նաև հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Զալկալիանին:
Վրաստանի ու ԵՄ-ի համագործակցության հանձնաժողովի նիստն անցկացվում է տարեկան երկու անգամ: Վրաստանի ու ԵՄ-ի քաղաքական երկխոսության շրջանակներում անցկացվող այդ նիստում քննարկվում են համագործակցության բոլոր նշանակալից հարցերը:








































