«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում Հանրապետական կուսակցության հայտնի հանրահավաքի ժամանակ պայթած փուչիկների պատվիրատուն եղել է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Եվ ՀՀԿ-ում հասկանում են, որ եթե այդ գործի շրջանակներում որևէ մեկի անունը պետք է նշվի, ապա դա Հ. Աբրահամյանն է: Այդ պատճառով էլ փուչիկների գործի դատավարության ժամանակ կազմակերպիչներից կամ պատվիրատուներից որևէ մեկի անունը չի նշվում:
Հ. Աբրահամյանը այդ ժամանակ ՀՀԿ նախընտրական շտաբի պետն էր, և նախընտրական քարոզչության հետ կապված կազմակերպչական ու ֆինանսական բոլոր հարցերը, այդ թվում և պայթած փուչիկների ծախսը, լուծվում էր նրա թույլտվությամբ:
Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 1 տարվա ազատազրկման դատապարտեց այդ փուչիկները լիցքավորած Սերոբ Բոզոյանին: Վերջինիս պաշտպան Կարեն Մանուչարյանը լրագրողներին հայտնել է, որ փուչիկի պատվիրատուն իմացել է, թե ինչ է պատվիրում: Նրա փոխանցմամբ՝ Ս. Բոզոյանը պատվիրատուին նախապես զգուշացրել է, որ փուչիկներն իրարից առանձին, ավելի բարձր և կրակից հեռու պետք է պահել, բայց ամեն ինչ արվել է ճիշտ հակառակը։
Հիշեցնենք, որ փուչիկների պայթյունից այրված երեխաները պատմում էին, թե իրենց նախապես զգուշացվել է, որ փուչիկները պետք է գլխներից բարձր պահել: Այսինքն՝ պատվիրատուները իսկապես իմացել են դրանց վտանգավոր լինելու մասին:
«Առաջին լրատվական»-ը փորձեց ՀՀԿ կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանից ճշտել, թե կուսակցությունում իսկապե՞ս տեղյակ են եղել, որ դրանք վտանգավոր են: «Ես ինչ իմանամ, հարցրեք կազմակերպիչներից»,- բարկացած պատասխանեց նա:
ՀՀԿ-ն այդ օրը 7000 փուչիկ էր պատվիրել, որոնց դիմաց Ս. Բոզոյանին վճարել է 770 հազար դրամ, այսինքն՝ յուրաքանչյուր փուչիկի համար 110 դրամ: Փուչիկները լիցքավորված են եղել սովորական մեթան գազով, այնինչ նման դեպքերում դրանք պետք է փչված լինեին չեզոք և ոչ մի դեպքում պայթյուն չառաջացնող գազով: Սակայն երկրորդ դեպքում յուրաքանչյուր փուչիկը կարժենար 800-1000 դրամ: Այսինքն՝ 8-10 անգամ ծախսը կավելանար և, 770 հազար դրամի փոխարեն, կկազմեր մոտ 7 մլն դրամ: Մեր տեղեկություններով, երբ փուչիկների հետ կապված այս գները ներկայացրել են Հ. Աբրահամյանին, վերջինս նախընտրել է էժան տարբերակը՝ առանց հաշվի առնելու հնարավոր վտանգը:
Այդ պայթյունին հաջորդող օրերին փորձ արվեց դրա պատասխանատվությունը դնել ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Կարեն Ավագյանի վրա, քանի որ նա էր այդ երիտասարդներին առաջնորդում դեպի հրապարակ: Բացի այդ, այդ երիտասարդների մեծ մասը ՀՀԿ երիտթևի անդամներն էին: Որոշ տեղեկությունների համաձայն, Կ. Ավագյանը լուրջ դիմադրություն է ցույց տվել և թույլ չի տվել, որ այդ գործը բարդեն իր վրա: Եվ ՀՀԿ-ում որոշել են պարզապես պատասխանատու կամ մեղավոր չներկայացնել և գործը բարդել միայն Ս. Բոզոյանի վրա:
Հիշեցնենք, որ այդ պայթյունի հետևանքով մոտ 150 երիտասարդներ տարբեր աստիճանի այրվածքներ էին ստացել: Որոշ երիտասարդների մոտ այդ այրվածքները բավական խորն էին, և նրանք դեռ շարունակվում են բուժվել: Առավել ծանր այրվածքների ու վիրահատությունների համար արտասահմանից նաև բարձրակարգ վիրաբույժ հրավիրվեց: Եվ օրեր շարունակ թե՛ առողջապահության նախարարությունից, թե՛ ՀՀԿ-ից հայտարարում էին, որ այդ երիտասարդների բուժման ծախսերը հոգում է պետությունը: Այսինքն՝ ՀՀԿ-ի կուսակցական միջոցառման ժամանակ տեղի ունեցած միջադեպի ահռելի ծախսերը կատարվեցին ոչ թե այդ կուսակցության, այլ շարքային հարկատուների հաշվին:





































