Վաղը՝ հոկտեմբերի 18-ին, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կմեկնարկի «Իմ երազած Երևանը» նոր կրթական ծրագիրը, որը նախատեսված է մինչև 15 տարեկան երեխաների համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի պատասխանատու Լիլիթ Սոխակյանը:
Կրթական ծրագիրն իրականացվում է «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսի շրջանակներում: Ծրագրի առաջին մասում դպրոցականները շրջայց կկատարեն «Սասունցի Դավիթ» պարտեզի սրահում: Նրանք կծանոթանան «Երևան. հայացք ապագայից» ցուցադրությանը: Ծրագրի երկրորդ մասը կշարունակվի կենտրոնի Ստեղծագործական սրահում: Երեխաներին կտրվեն Երևան քաղաքի հետ կապված հարցեր: Այնուհետև երեխաները կփորձեն պատկերել «իրենց Երևանը»:
Ծրագրին մասնակցությունն անվճար է` պարտադիր նախնական գրանցմամբ:
«Երևան. հայացք ապագայից» ցուցադրությանը ներկայացված են հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ՝ անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով: Միևնույն ժամանակ ընդգրկված են ժամանակակից Երևանի տարբեր լուսանկարներ:









































