Այսօր ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանից փորձեցինք ճշտել, թե իշխանությունները ինչ քայլեր են ձեռնարկում Հայաստանում սկիզբ առած սոցիալական բողոքը մեղմելու ուղղությամբ։ Պատգամավորը պատասխանեց. «Այո, ծրագրեր մշակվում են, մասնավորապես՝ առավել խոցելի խավերի համար, օրինակ՝ գազամատակարարման հետ կապված, որպեսզի սոցիալապես խոցելի խավերը ավելի ցածր սակագներով վճարեն, ինչը շատ կարևոր քայլ է։ Այդ ծրագիրը, իմ կարծիքով, երևի մայիսից կսկսի գործել, որովհետև արդեն սկսել են աշխատանքները։ Մեր հանրապետության նախագահը Ռուսաստանի հետ այս ուղղությամբ սկզբունքային պայմանավորվածություններ է ձեռք բերել։ Ինչ վերաբերում է գնաճային սցենարներին, ապա գյուղատնտեսության ասպարեզում մի շարք հրատապ ծրագրեր են ամրագրվել կառավարության կողմից և ենթակա են իրականացման»։
Վարդան Բոստանջյանի խոսքերով, արդյունքում գոնե գյուղատնտեսական առաջին անհրաժեշտության ապրանքները սպառողների համար հասնելի կդառնան։ Իսկ Հյուսիս-Հարավ ճանապարհի լրիվ գործարկման ժամանակ արդեն նոր աշխատատեղեր կստեղծվեն հանրապետության մասշտաբով։