Գալիք ապրիլ ամսին Երևանի Աբովյան փողոցում, «Փարիզյան սուրճ»-ի դիմացի մայթին կտեղադրվի դուդուկահարներ Ջիվան Գասպարյանի, Վաչե Հովսեփյանի և Լևոն Մադոյանի արձանները: Քանդակագործ, «Տղամարդիկ» արձանախմբի հեղինակ Դավիթ Մինասյանի նոր` «Երեք դուդուկահարներ» քանդակի նախագիծն արդեն հավանության է արժանացել քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի կողմից: Քանդակը լինելու է բրոնզի և քարի միաձուլում:
Ինքը՝ դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանը, «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ նշել է, թե չէր ցանկանա, որ իր արձանը հայտնվեր կավից պատրաստված այն արձանների շարքում, որոնք վերջին շրջանում տեղադրվում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Հայտնի դուդուկահարն ասել է, որ ուզում է մնայուն արձան ունենալ:









































