ՄԱԿ-ի Էլեկտրակապի միջազգային միությունը հրապարակել է տարբեր երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման մասին հետազոտություն: Կազմակերպությունը հետևում է ՏՏ ոլորտոմ աշխարհում զարգացող իրադրությանը: Հետազոտության արդյունքներով՝ ըստ ՏՏ ծառայությունների հասանելիության դյուրացման, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների տարածվածության մակարդակի՝ կազմվել է վարկանիշային աղյուսակ, որում ընդգրկված են 155 երկրներ: Երրորդ տարին անընդմեջ առաջին տեղում Հարավային Կորեան է: Այս մասին հայտնում է Вести.ru-ն:
«Հարավային Կորեան առաջին տեղում է՝ ընտանիքների 67 տոկոսում ինտերնետ հասանելիության ցուցանիշով: Այնտեղ գրանցվել է աշխարհում բջջային և ֆիքսված կապի հասանելիության ամենաբարձր մակարդակներից մեկը՝ 84%»,- ասված է հետազոտության մեջ:
ՀարավայինԿորեայի հեռահաղորդակցության հանձնաժողովը արդյունավետորեն կարգավորում է հեռահաղորդակցական տեխնոլոգիաների դինամիկ և մրցակցային շուկաները, ակտիվորեն աջակցում տարբեր նորարարությունների:
Կազմակերպության տվյալներով՝ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման մակարդակը անմիջականորեն կախված է եկամուտների միջին մակարդակից:
Հնգյակում են հայտնվել հաջորդաբար Շվեդիան, Դանիան, Իսլանդիան և Ֆինլանդիան:









































