Արտառոց դեպք է գրանցվել Բուրյաթիայի մայրաքաղաքում. արհեստական ընդհատումից հետո դիահերձարան են տարել փոքրիկին, որը, ինչպես ավելի ուշ հաստատել են պաթոլոգանատոմները, ողջ է եղել: Այս մասին հաղորդում է «Արիգ Ուս» հեռուստառադիոընկերությունը:
Հայտնի է, որ երեխային տուփով դիահերձարան են հասցրել` թաղելու նպատակով: Սակայն պաթոլոգանատոմները եզրակացրել են, որ երեխան ողջ է:
Հանրապետական գինեկոլոգիական հիվանդանոցի բժիշկ-մանկաբարձ Ալեքսանդր Արխիպովը, իմանալով արտակարգ դեպքի մասին, հապճեպ վերադարձել է դիահերձարան:
«Ըստ ժամկետի՝ դա վիժվածք է, այսինքն՝ երեխա չէ: Տեղի է ունեցել վիժում: Կշռով հաշվարկել են, որ երեխան չի կարող ապրել, քանի որ թոքերն ու մյուս օրգանները ձևավորված չեն, այդ իսկ պատճառով անուշադրության են մատնել:
Մայրը, որքանով ես եմ հասկացել, հղիության մասին նույնիսկ չի կասկածել ու հերքել է հղիության փաստը: Դա եղել է անցանկալի հղիություն: Մենք դիմել ենք ոստիկանություն»,- պատմել է նա:
Դիահերձարանի բժիշկները երեխային տարել են վերակենդանացման բաժանմունք: Ներկայում երեխայի վիճակը ծանր է:









































