Այսօր` սեպտեմբերի 16-ին, Սերժ Սարգսյանը ՕԵԿ ներկայացուցչի հետ կմեկնի Բուխարեստ` մասնակցելու ԵԺԿ համագումարին, ապաև` գագաթնաժողովին: ՕԵԿ-ից նրա հետ կմեկնի Մհեր Շահգելդյանը. Արթուր Բաղդասարյանը պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում: Բուխարեստում նրանց կմիանա այս օրերին Եվրոպայում գտնվող ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ևս:
Սա ԵԺԿ առաջին համագումարն է, որին հայկական կողմը որպես լիարժեք անդամ է մասնակցում, մինչ այս Հայաստանը մասնակցել է հյուրի կարգավիճակով: «Հրապարակ»-ի տեղեկություններով, ամեն ինչ արվել է, որպեսզի Բուխարեստում Սերժ Սարգսյանին բարձր մակարդակով դիմավորեն: Համագումարում սպասվում է նաև նրա ելույթը:
Համագումարի ինտրիգն այն է, որ սպասվում է ԵԺԿ ղեկավար կազմի ընտրություն, շատերի կարծիքով, ԵԺԿ փոխնախագահ, Հունգարիայի «չարաբաստիկ» վարչապետ Վ. Օրբանն իր անվան հետ կապված աղմուկի, Սաֆարովի արտահանձնման պատմության պատճառով, ըստ ամենայնի, այլևս չի ընտրվի:









































